«Աշխարհը մանուկների աչքերով» ցուցահանդես՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան
«Գասպարյան արտ-ստուդիա»-ում այսօր բացվելու է «Աշխարհը մանուկների աչքերով» խորագրով ցուցահանդես՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված: Ցուցադրվելու են 4,5-15 տարեկան երեխաների 50-ից ավելի խառը տեխնիկայով արված հաստոցային և գեղանկարչական ստեղծագործություններ, գրաֆիկան (տպագրական և հաստոցային գրաֆիկա) կոմպոզիցիոն աշխատանքներ և արտ-օբյեկտներ:
«Մասնակից մանուկները հանդիսատեսին են ներկայացրել իրենց զարմանահրաշ աշխարհը` անցյալը, ներկան և ապագան` իրենց վառ և լուսավոր գույներով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գասպարյան արտ-ստուդիա»-ի փոխնախագահ, արվեստագիտության թեկնածու նկարիչ Վահե Գասպարյանը:
Նա նշեց, որ երեխաները պատրաստվել են ցուցահանդեսին վեց ամիս. «Կարծես հաշվետու ցուցահանես լինի նրանց համար»:
Վ. Գասպարյանն ասաց, որ իրենց ստուդիայում սովորեցնում են կերպարվեստի բոլոր ուղղությունները, ծանոթացնում համաշխարհային արվեստի հետ, բացահայտում են երեխաների ստեղծագործական ներաշխարհն ու նրանց ստեղծագործական պոտենցիալը:
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին։
Աշխարհում երեխաների պաշտպանությունը նախատեսող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում` 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը, 1989թ. ընդունված Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., իսկ 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: