Յունիսեֆ. Կմշակվի երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի ռազմավարություն
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջիկա երեք տարիներին կգործադրեն համատեղ ջանքեր՝ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, գործընկերները համատեղ քայլեր կձեռնարկեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելիք երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժնի կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև կուսումնասիրեն երեխաների կողմից դիմումների և բողոքների ստացման մեխանիզմը: Կմշակվեն 2016-2018թթ. երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու ընդհանուր ռազմավարությունը:
«Երեխաների իրավունքների հուսալի պաշտպանությունը մեր երկրի զարգացման կարևորագույն ռազմավարական ուղղություն է: Այդ նկատառումով պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելու է Երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին: Մենք պատրաստ ենք իրականացնել նախաձեռնողական աշխատանք՝ այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը նպաստելու համար: Ընդ որում, այդ ընթացքում նախատեսում ենք ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ դա դիտարկելով իրական արդյունքներ արձանագրելու կարևոր գրավական», - հատուկ միջոցառման ընթացքում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ողջունում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հատուկ բաժնի ստեղծման նախաձեռնությունը: Այն կարող է կենսական դեր ունենալ Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի հետագա զարգացման գործում՝ կապող օղակ հանդիսանալով ոլորտի դերակատարների միջև՝ առավել խոցելի երեխաների խնդիրները բարձրաձայնելու գործում», - ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Ռադոչայը: