Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ
Մայիսի 30-ից հունիսի 1-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ. կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր ասամբլեայի 6-րդ նստաշրջանը, որի ընթացքում կայացան Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ընտրությունները՝ 2016-2020թթ. ժամանակահատվածի անդամակցության համար: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, երկրորդ տարածաշրջանային խմբից (Արևելյան Եվրոպայի երկրներ) չորս տարի ժամկետով ընտրվել է Հայաստանը՝ ստանալով կոնվենցիայի անդամ երկրների միաձայն աջակցությունը։
Մյուս խմբերից ընտրվել են Կիպրոսը, Ավստրիան, Գվատեմալան, Կոլումբիան, Կուբան, Ֆիլիպինները, Զամբիան, Սենեգալը, Մավրիկիոսը, Պաղեստինը և Լիբանանը։
Միջկառավարական կոմիտեն Կոնվենցիայի գլխավոր մարմիններից մեկն է: Այն ստեղծվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, ունի 24 անդամ՝ տարածաշրջանային վեց խմբերից: Կոմիտեի անդամն անմիջապես վերընտրվելու հնարավորություն չունի: Կոմիտեի կարևոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:
Գլխավոր ասամբլեան, որի նստաշրջանը գումարվում է երկու տարին մեկ, ի թիվս այլ գործառույթների, ընտրում է 12 նոր անդամների։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան