«Ուզում եմ ապրել իմ Մատաղիսում». Արցախցի դպրոցական
Արցախցի դպրոցականները «Երեխաների պաշտպանության միջազգային օրը» Երևանում են: Արցախից ժամանակ 45 երեխա «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի շրջանակներում շրջում են Հայաստանի մայրաքաղաքով, ծանոթանում մշակութային օջախներին, տեսարժան վայրերին:
Panorama.am-ի հետ զրույցում երեխաներին ուղեկցող Մարտակերտի շրջվարչակազմի կրթության բաժնի առաջին կարգի մասնագետ Սվետլանա Դալլաքյանը ասաց, որ ապրիլյան վախից ու սարսափից հետո սա նրանց համար ամենալավ օրերից մեկն է. «Երեխաները շատ ոգևորված էին գալիս, բայց երբ նրանց հարցրեցի, կցանկանան արդյոք մնալ և ապրել Երևանում, բոլորն ասացին` ոչ: Նրանք ուզում են ապրել իրենց Մարտակերտում, Մատաղիսում, Թալիշում»:
Նա պատմեց, որ Մարտակերտում լարվածություն ու վախ դեռ կա, սակայն մարդիկ փորձում են վերագտնել իրենց, վերադառնալ նախկին կյանքին. «Մարտակերտում ու Մատաղիսում մարդիկ շարունակում են բնակվել, իսկ Թալիշում հիմնականում տղամարդիկ են, ովքեր գյուղում շինանարարկան աշխատանքներ են փորձում կատարել, երեխաներ ու կանայք այնտեղ չեն ապրում»:
Երևանում գտնվող մատաղիսցի 15-ամյա Սեդա Գրիգորյանի հայրը զինվորական է, ապրիլի 2-ի գիշերվանից նա հորը չի տեսել ու հիմա ամենաշատը նրան տեսնել է ուզում. «Շատ եմ կարոտում հայրիկիս, մի քանի օրից էլ եղբայրս բանակ կգնա: Ուզում եմ ամեն ինչ խախաղ լինի, իսկ Արցախի ապագան լուսավոր է լինելու»:
Փոքրիկ Անի Սարյանն էլ ամենից շատ ուզում է Մատաղիսի իր հայրենի տունը գնալ. «Երբ սկսեցին կրակել մեր գյուղի վրա, ստիպված եղանք թողնել մեր տունն ու գնալ Ստեփանակերտ: Հայրիկս մնացել էր այնտեղ կռվելու, քանի որ զինվորական է: Հետո իմացանք, որ ոտքից ու մեջքից վիրավորվել է: Հիմա բուժվում է Երևանում, ուզում եմ տեսնել նրան»:
Անին ասաց, որ շատ է հավանում Երևանը, բայց մեկ է, ուզում է ապրել իր Մատաղիսում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան