Ռոբերտ Քոչարյան. «Կարծում եմ, որ եթե Բաքուն ապրիլին պատրաստ լիներ, ապա պատերազմը չէր դադարի 4 օրից»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին:
Խոսելով հավանական նոր պատերազմի հնարավորության մասին՝ Քոչարյանը նշել է, որ հարցն այն է, թե Ադրբեջանը որքանով է պատրաստ ծանր ու երկարատև պատերազմի:
«Պատերազմը կարճ էր և կողմերը չհյուծեցին իրենց պոտենցիալը, այդ պատճառով վերականգնման համար հատուկ ինչ-որ ժամանակ պետք չէ: Հարցն այն է, թե Ադրբեջանը որքանով սթափ կգնահատի տեղի ունեցածը և որքանով է նա պատրաստ ծանր ու երկարատև պատերազմի: Կարծում եմ, որ եթե Բաքուն ապրիլին պատրաստ լիներ, ապա պատերազմը չէր դադարի 4 օրից: Այն, որ Ադրբեջանը սկսել էր գերազանցել մեզ սպառազինության որակով՝ գաղտնիք չէր, սակայն մի բան է դա իմանալը, մեկ այլ բան՝ դրան դեմ առ դեմ մարտի դաշտում առերեսվելը: Ցավալին այն է, որ ՀԱՊԿ անդամ, իր տարածքում ռուսական ռազմակայան ունեցող Հայաստանը նկատելիորեն զիջում էր հակառակորդին սպառազինության որակով: Հասարակության ցավագին արձագանքն այստեղ հասկանալի է: Բոլորն ուզում էին հավատալ, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ նվազագույնը երաշխավորում է ռազմական բալանսի պահպանումը, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը /մինչև Բաքվի և Մոսկվայի միջև 2011թ.-ին կնքված պայմանագրի իրագործումը կողմերի միջև սպառազինության որակի առումով հավասարակշռությունը պահպանվել է/:
Պարզվեց՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու և Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջև: Նորագույն հարձակողական սպառազինության մատակարարումները Բաքվին խախտեցին բալանսը, զգալիորեն մեծացնելով այդպիսի սցենարի հավանականությունը»,- նշել է Քոչարյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք քառօրյա պատերազմից հետևությունների համատեքստում Հայաստանը չպե՞տք է վերանայի ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում մասնակցության ձևաչափը կամ օրինակ Ղազախստանի ու Բելառուսի հետ հարաբերությունները, Ռոբերտ Քոչարյանը նշել է. «ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն, ըստ էության, անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ: Ակնհայտ է, որ այդ երկրների շահերը մենք չենք փոխի, բայց լուրջ հետևություններ անել պարտավոր ենք: Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը և գերագնահատված սպասումներ չունենալ այդ կազմակերպությունից: ՀԱՊԿ-ն ասիմետրիկ կառույց է, որի առանցքը հանդիսանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի շահերի հետ ինքնուրույն և առանձին շաղկապվածությամբ: Որևէ արտահայտված համընդհանուր շահ այստեղ չկա: Որտե՞ղ են մեր ընդհանուր ռազմաքաղաքական հետաքրքրություններն, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղզստանի հետ: Միամտություն կլինի կարծելը, թե համատեղ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարող է գերակշռել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ղազախստանի ձևավորված փոխհարաբերություններին: Այս պատճառով էլ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում: Այդպիսին է իրականությունը, և դա չի կարելի հաշվի չառնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին