Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է
«Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը»: Լուսինե Զաքարյանի մասին ասել է Պարույր Սևակը:
1937 թ. հենց այս օրը Ախալցխայում (Ջավախք) ծնվել է Լուսինե Զաքարյանը: 1952թ.-ին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ նա սկսել է երաժշտական դպրոց հաճախել։ 1957թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա, և շուտով նրա տաղանդը արդեն բացահայտ էր։
Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին` Հրանտ Գևորգյանին, խնդրել է թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմել է Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական է եղել:
Այնուամենայնիվ, Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրել է, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել:
Լուսինեի առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ է եղել Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով՝ նա պատվիրել է անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորել է իր ողջ կյանքի ընթացքում: Լուսինեն, նախ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝ Խ.Պալյանի ջանքերով սովորել է հայերեն և գրաբար, և նվիրվել հայ հոգևոր երաժշտությանը:
«Նա իր առաջին «մկրտությունը» ստացավ Էջմիածնում: Նա պատկերացում էլ չուներ այդ ամենի մասին, բայց շատ էր սիրել երգել «Ավե Մարիա» և այլ երգեր»,- նշել է Խորեն Պալյանը:
Նա կարողացել է անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար: Խորհրդային իշխանության պայմաններում Լուսինեն կարողացել է եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց և դարձնել համաժողովրդական: Համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները: Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ:
«Այդ տարիներին որևէ մեկը չէր համարձակվում մեր հոգևոր երաժշտությունը Մայր տաճարից դուրս բերել ու ներկայացնել համերգային դահլիճներում: Գուցե հենց այդ պատճառով Լուսինե Զաքարյանի դասական կատարումները մնացին նրա հոգևոր երգացանկի ստվերում, և քչերը ճանաչեցին նրա արվեստի մյուս կողմը: Այդուհանդերձ, նա մեծ երգչուհի էր»,- ասել է Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը` փաստելով, որ Լուսինեն մեն –մենակ հեղափոխություն կատարեց մեր երաժշտարվեստի պատմության մեջ (www.kamartert.am):
Լուսինեի համար է կոմպոզիտոր Ա.Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»:
Նրան բանաստեղծություններ են ձոնել Ս.Կապուտիկյանը ,Վ.Դավթյանը,Պ.Սևակը , այլազգի բանաստեղծներ: Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան:
Լ. Զաքարյանը մահացել է 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին: Վազգեն Առաջին վեհափառը, ընդառաջելով երգչուհու վերջին ցանկությանը, թույլատրեց, որ նրա դին հանգչի Սուրբ Գայանե եկեղեցու բակում:
«Լուսինեն մեզ հետ չէ հիմա...Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ` երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել»,- ասել է Կաթողիկոս Վազգեն Առաջինը:
Լուսանկարները՝ «Lusine Zakaryan Լուսինե Զաքարյան» ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում