Իրանական կայքը բացահայտել է Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հակաիրանական գործունեությունը
«Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպանը համակարգել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարի հակաիրանական գործունեությունը»,-այդ մասին նշված է պարսկալեզու «Ազարիհա.օրգ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով օրերս ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին իր հավատարմագրերը հանձնած Իրանում Ադրբեջանի դեսպանի նշանակմանը, գրում է. «Ինչո՞վ է զբաղվել Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Բոնյադ Հուսեյնովը, ի՞նչ անցյալ է նա ունեցել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում: Ի՞նչ նպատակով է նա դեսպան նշանակվել Իրանում, արդյո՞ք Հուսեյնովին դեսպան նշանակելով՝ պաշտոնական Բաքուն ցանկանում է բարելավել Թեհրանի հետ հարաբերությունները, թե՞ ոչ»:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս Թեհրանում Ադրբեջանի դեսպանության կողմից անկախության տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրը հաջողություն էր մաղթել Ադրբեջանի նորանշանակ դեսպանին՝ գոհունակություն հայտնելով, որ Իրան է գործուղվել երկրին քաջածանոթ դիվանագետ:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով ԻԻՀ փոխարտգործնախարարի վերոնշյալ խոսքին, նշում է. «Պարոն Ռահիմ Փուրն ամենևին էլ տեղյակ չէ, որ Իրանին շատ լավ ծանոթ, պարսկերենին տիրապետող Ադրբեջանի նորանշանակ դեսպանն իր գիտելիքները ներդրել է Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածություն առաջացնելու գործում»:
Շարունակելով խոսքը՝ հոդվածի հեղինակը հավելում է. «Բոնյադ Հուսեյնովն իրականում 2009-2015թթ. համակարգել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածություն առաջացնելու գործունեությունը, մասնավորապես՝ ճնշումներ է գործադրել Բաքվում գործունեություն ծավալող իրանցի գործարարների և ուսանողների նկատմամբ, խոչընդոտներ է ստեղծել իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների և մշակութային գործիչների համար, հող է նախապատրաստել Իմամ Խոմեյնիի անվան բարեգործական կոմիտեի գործունեության կասեցման համար և այլն»:
«Եթե Բաքուն իրոք ցանկանում է, որպեսզի Իրան-Ադրբեջան հարաբերությունները բարելավեն, ապա պետք է Բոնյադ Հուսեյնովի փոխարեն Իրան գործուղի արևելագիտության, իրանագիտության ու իսլամագիտության ոլորտում հայտնի, Իրանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող մտավորականի»,-եզրափակում է իրանական աղբյուրը: