Ռոստոմյան. «Տիգրան Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ որոշում չկա»
Օրերս հայկական մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ծանրամարտի աշխարհի 2010 թ., Եվրոպայի եռակի չեմպիոն, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը և Եվրոպայի գործող չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել են և չեն մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին:
Ի պատասխան վերը նշված հրապարակումներին՝ ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը ներկայացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը:
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտական կապի մեջ է գտնվում միջազգային հակադոպինգային կազմակերպությունների հետ: Մենք ուշադիր հետևում ենք հակադոպինգային գործընթացների զարգացմանը: Խոսքը բազմաթիվ երկրների հարյուրավոր մարզիկների մասին է, այդ թվում՝ մեր մի քանի մարզիկների: Մինչ այս պահը որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ որոշում չկա:
Մենք մեր արձագանքը կտանք միայն միջազգային համապատասխան կառույցների պաշտոնական հայտարարությունից հետո: Մինչ այդ մեր բոլոր մարզիկներն, ըստ հաստատված ժամանակացույցի, շարունակում են նախապատրաստվել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին»,- ասել է Ռոստոմյանը: