Մեկնարկում է «Արտ Ֆեստ 2016»-ը
Այսօր մեկնարկում է «Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին։
«Մեր խնդիրը տաղանդավոր երիտասարդներ բացահայտելն ու նրանց բացահայտվելու հնարավորություն տալն է: Ժյուրիի կազմում բոլոր ոլորտներից շատ լուրջ մասնագետներ են հավաքված: Հուսամ՝ նոր ու հետաքրքիր անուններ կտեսնենք այս տարի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:
Նա նշեց, որ փառատոնի հիմնական խնդիրն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին:
Կինոգետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մասնագիտական հանձնախմբի ներկայացուցիչ Անետա Երզնկյանը նշեց, որ այս փառատոնը բացառիկ է, քանի որ ստեղծագործ երիտասարդներն ունեն փոխշփման հնարավորություն:
«Արտ Ֆեստ» 2016 միջազգային երիտասարդական բաց փառատոնին մասնակցում է ավելի քան 430 մասնակից Հայաստանից և արտերկրից: Նշենք, որ փառատոնն այս տարի առաջին անգամ ներկայանում է միջազգային ձևաչափով։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, «Արտ Ֆեստ» փառատոնը համախմբում է ստեղծագործող երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:
Փառատոնն ընթանալու է մինչև 12-ը երևանյան մշակութային օջախներում (բոլոր միջոցառումների մուտքն անվճար է)։
Հարակից հրապարակումներ`
- «Արտ Ֆեստ»-ը լավ առիթ է հիանալու և հպարտանալու մեր նոր սերնդով. Աշոտ Համբարձումյան
- «Արտ ֆեստ» փառատոնը կներկայանա միջազգային ձևաչափով