Ինչքան շատ է Թուրքիան հոխորտում, այնքան մեծ է հավանականությունը, որ Բունդեսթագը կընդունի բանաձևը. Շավարշ Քոչարյան
«Քիչ է մնացել, կտեսնենք արդյունքը, ես կարծում եմ՝ ինչքան շատ է Թուրքիան հոխորտում, այնքան մեծ է դառնում հավանականությունը, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կընդունվի»,- այս մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով այս պահին Բունդեսթագում քննարկվող Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին:
Հարցին, թե այսօր Գերմանիայում թուքական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպելու, արդյոք դա ազդեցություն կունենա Բունդեսթագի որոշման վրա, Շավարշ Քոչարյանը նշեց, որ Թուրքիայում կան թուրքեր, որոնք համարում են, որ Հայոց ցեղասպանությունը եղել է և պետք է ճանաչվի:
«Այնպես որ, այն հայտարարությունները, որոնք արվում են Թուրքիայի ղեկավարության կողմից՝ երեք միլիոնանոց թուրքական համայքն ունեն, ես համոզված չեմ, որ այդ 3 մլն-ը նույն կերպ է մտածում, ինչպես մտածում է Էրդողանը: Եթե Ադրբեջանին հաջողվեր՝ որպես ցեղասպան օսմանյան քաղաքականության ժառանգորդ, նույնն իրականացներ Ղարաբաղում, իրենք նույնպես կհայտարարեին, որ դա սովորական երևույթ է: Բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իրենց այդ ձգտումները երբեք իրականություն չեն կարող դառնալ»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը: