Առանց նախաճաշելու՝ չսրճել. բժիշկ-դիետոլոգ
«Առողջ, երջանիկ, մտավոր բարձր կարողություններ ունենալու համար պետք է առողջ սնվել: Առողջ ուտելիքը ենթադրում է իր մեջ ընտանիքում, սիրելի մարդկանց հետ, հաճելի միջավայրում, սիրելի մարդկանց կողմից պատրաստված սննդամթերքի ընդունում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Նա ընդգծեց, որ երջանկության հիմնական գրավականներից է առողջ սնունդը: Վ. Պետրոսյանը թվարկեց, թե ինչ չի կարելի օգտագործել կամ շատ օգտագործել:
«Առողջ սննդի բաղադրիչների հետ կապված Հայաստանում շատ մեծ խնդիր ունենք՝ սոցիալ- տնտեսական վիճակը, որի պատճառով առողջ սննդի մի մեծ զանգված հասանելի չէ մարդկանց: Այս դեպքում առողջարար սնունդն ուղղակի ճիշտ սննդի առկայությունն է»,- ասաց դիետոլոգը:
Ըստ նրա, հայերը հիմնականում իրենց էներգիան, կալորիաների մեծ մասը ստանում են հացից, մակարոնեղենից, կարտոֆիլից և շաքարավազից: Վ. Պետրոսյանի խոսքով, Հայաստանում շաքարավազի օգտագործումը մի քանի տոկոսով ավելացել է. «Շաքարավազը համարվում է դատարկ կալորիա, բացի էներգիայից ոչինչ չի տալիս: Բայց այն մարդկանց համար, ովքեր սննդամթերքի պակաս ունեն, այն բավական էժան է, կշտացնում է, երկար ժամանակ պահում է: Շաքարավազը համարվում է այս դարի ամենահասանելի, էժան, օրենսգրքով չբացառվող թմրադեղը: Ինչքան մարդիկ շաքարավազ են օգտագործում, այնքան շատ են ուզում: Արտադրողները դա հասկանալով՝ ամեն ինչի մեջ շաքարավազ են ավելացնում»:
Նա նաև ասաց, որ մակարոնեղենի փոխարեն մարդիկ կարող են օգտագործել լոբեղեն, ոսպեղեն, սիսեռ:
«Այստեղ հարցը ոչ միայն սոցիալական վիճակն է, այլ նաև ազգաբնակչությունը չգիտի, ինչպես ճիշտ սնվել»,- ասաց մասնագետը:
Ըստ նրա, Հայաստանում մակարոնը պատրաստվում է հիմնականում առաջին սորտի ալյուրից, սակայն թեփով մակարոնեղենն, հացն ավելի օգտակար են, քանի որ բոլոր սննդարար նյութերը հացահատիկի թեփի կեղևի մեջ են: Վ. Պետրոսյանը նաև ասաց, որ պետք է աղ քիչ օգտագործել: Քիմիական մշակված արագ ուտելիքի օգտագործումը նույնպես վտանգավոր է, քանի որ դրանց մեջ շատ է աղի, վատ ու մեծ քանակով ճարպերի, քիմիական նյութերի օգտագործումը:
Վ. Պետրոսյանն ընդգծեց, որ առավոտյան նախաճաշից հետո նոր միայն պետք է սուրճ խմել:
Նախաշաճը, ըստ նրա, պետք է լինի էներգիա տևող, երկար պահող, օրինակ՝ ձմռանը շիլաներ, ամռանը թարմ մրգից, բանջարեղենից աղցաններ, նաև՝ կարկանդակներ, կաթնաշոռ, քամած մածուն, կակաո, հավկիթ:
Մասնագետը ձկնեղենի օգտագործումը նույնպես շատ կարևորեց, այն ավելի սննդարար է, քան տավարի միսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում