France24. Թուրքիայում փոփոխություն կա դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում
Այսօր Գերմանիայի խորհրդարանում նախատեսված «1915-1916թթ․-ներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում» կոչված բանաձևի քվեարկությունը հայտնվել է միջազգային մամուլի գլխավոր խորագրերում։
France24-ը, անդրադառնալով այսօրվա քվեարկությանը, նշում է, որ բանաձևի ընդունումը դիվանագիտական աղմուկ կառաջացնի Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում։ Նշվում է, որ քվեարկությանը ներկա չեն լինելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱԳ նախարար Վալտեր Շտայնմայերը։
France24-ի Անկարայի թղթակից Յասպեր Մորտիմերն ուղիղ եթերում նշել է՝ «Բոլոր նրանք, ովքեր գիտեն 1915թ․-ին տեղի ունեցածը, տեղյակ են նաև, որ գերմանացիները եղել են ականատեսներ, ովքեր միսիոներներ և դիվանագետներ ունեին Արևելյան Անատոլիայում, ովքեր զեկույցներ էին ուղարկում Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանին։
«Թուրքիան ասում է, որ պատմաբանները պետք է որոշեն արդյոք այն ցեղասպանություն էր, թե ոչ։ Այնուամենայնիվ, ես պետք է ասեմ, որ Թուրքիայում կա փոփոխություն՝ դեպի ցեղասպանության ճանաչում։ Գնալով ավելի ու ավելի շատ թուրք մտավորականներ են բարձրաձայնում, որ այո, ցեղասպանություն եղել է։ Նրանք, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, կառավարությունում են, նրանք իշխանություն ունեն,սակայն ցեղասպանության ժխտման նրանց փաստարկները համոզիչ չեն»,-ասել է Յասպեր Մորտիմերը։
The Guardian-ն իր նյութը վերնագրել է «Թուրքիայի զայրույթը, երբ Գերմանիայի պատգամավորները պատրաստվում են քվեարկել Հայերի ցեղասպանության օգտին»։ Պարբերականը գրում է, որ այս խորհրդանշական բանաձևի ընդունումը հարցականի տակ կդնի Թուրքիա-Եվրամիություն միգրացիոն համաձայնագիրը։
Գերմանիայի խորհրդարանի քվեարկությանն են անդրադարձել New York Times-ը, Reuters-ը, Euronews-ը, RT-ն և մի շարք պարբերականներ, որոնք հիմնականում անդրադառնում են Թուրքիայի սպառնալիքներին և Թուրքիա-ԵՄ միգրացիոն համաձայնագրի տապալմանը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանում բանաձևի քննարկումը կսկսվի Հայաստանի ժամանակով ժամը 13,15-ին։ Նախատեսված է մոտ 1 ժամ քննարկում, որից հետո տեղի կունենա քվեարկությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան