Քաղաքագետ. Այն, ինչ այս պահին ունենք, ժամանակավոր դադար է հիշեցնում
Բանակցային գործընթացի, շփման գծում առկա իրավիճակի և մի շարք հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
Panorama.am.- Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ավելի վաղ, նրանց հետ հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը: Այս պահին ի՞նչ միտումներ են նկատելի բանակցային գործընթացում:
Տ. Աբրահամյան-Գործընթացը ապրիլյան իրադարձություններից հետո բավականին բարդ փուլում է: Միջնորդ երկրներն ամեն կերպ ցանկանում են իրավիճակը վերադարձնել բանակցությունների շրջափուլ, սակայն դեռ պարզ չէ՝ Ադրբեջանին հնարավոր կլինի՞ վերադարձնել բանակցությունների սեղան, թե՞ ոչ:
Անկեղծ ասած, ես այդքան էլ լավատես չեմ, Ադրբեջանի հայտարարություններից նկատելի է, որ նրանք առավելապես իմիտացիայով են զբաղված:
Panorama.am-Վիեննայի հանդիպումից հետո արձանագրվեց, որ կողմերը համաձայնության են հասել շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնման շուրջ: Արդյո՞ք դրանք կփոխի մինչ այս եղած իրավիճակը:
Տ. Աբրահամյան-Այս պահին դա ամրագրվել է միայն հայտարարություններով: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունենք Ադրբեջանի հետ, ով բազմիցս խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը, դեռ վաղ է ասել, արդյո՞ք այդ պրոցեսները ցանկալի արդյունքի կհանգեցնեն:
Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանն իր նպատակներն իրականացնելիս անտեսեց 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը, ինչը նշանակում է՝ ոչ մի երաշխիք չկա, որ Վիեննայի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը կպահպանվի:
Սա նշանակում է, այս պահին դեռ դժվար է խոսել իրավիճակի փոփոխության մասին, այն ինչ այս պահին ունենք ավելի շատ ժամանակավոր դադար է հիշեցնում:
Panorama.am-Ապրիլյան պատերազմից հետո շատ խոսվեց այն մասին, որ ժամանակն է վերաիմաստավորել այն ամենը, ինչ ունեցել ենք պատերազմից առաջ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում առաջնագծում Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու համար:
Տ. Աբրահամյան-Շփման գծում այս պահին հսկայական աշխատանքներ են իրականացվում. մարտական հենակետերի ամրացումից, կահավորումից մինչև հատուկ տեխնիկական միջոցների տեղադրում, որոնք առավել կանխատեսելի են դարձնում հակառակորդի տեղաշարժերն ու հնարավոր կուտակումները, իսկ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերի ծառայությունը՝ առավել անվտանգ:
Այս պահին կարևոր է վերլուծել-ամփոփել և դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից ու շարժվել առաջ՝ հետագայում չկրկնելու այն բացթողումներն ու սխալները, որոնք ունեցանք:
Մեկ հանգամանք ևս. որևէ դեպքում չպետք է կորցնենք մեր զգոնությունը, որովհետև պատերազմը դեռ չի ավարտվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին