Ֆրանսիայում ջրհեղեղների հետևանքով տարհանվել է ավելի քան 5.5 հազար մարդ
Ավելի քան 5.5 հազար մարդ է տարհանվել Ֆրանսիայում՝ անձրևներից և գետերի վարարումից առաջացած ջրհեղեների հետևանքով: Գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը:
«Փրկարարական գործողություններին մասնակցում են տարբեր ծառայությունների 885 աշխատակիցներ: Հրշեջ-փրկարարական ջոկատները վերջին կիրակի օրը 10,537 այցելություն են կատարել»,-նշել են ՆԳՆ-ում:
Ներկա պահին բարդ իրավիճակը պահպանվում է Փարիզից արևմուտք, արևելք և հարավ-արևելք ընկած շրջաններում: Որոշ քաղաքներում փողոցների վրա ջրի մակարդակը հասնում է անգամ երկու մետրի: Մոտակա ժամանակում սպասվում է անձրևների նոր ալիք:
Աղբյուրը հաղորդում է, որ Ֆրանսիայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում անձրևները կվերսկսվեն հինգշաբթի: Եղանակի դրական փոփոխություն հնարավոր է միայն շաբաթ օրը: