Ես նույն Արծվիկ Մինասյանն եմ, իմ համոզմունքները չեմ փոխել և չեմ փոխելու
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր այն հայտարարությանը, որն, ըստ նրա, աղավաղվել էր տարբեր լրատվամիջոցների կողմից:
«Կուզենայի անդրադառնալ այն ապատեղեկատվությանը, որը տարածվեց մամուլում: Ցավում եմ, որ այդ ապատեղեկատվության մեջ ներգրավվեցին շատ հարգարժան տնտեսագետներ, մասնագետներ: Դիմելով ձեզ` հարգելի լրագրողներ, խնդրում եմ, իմ խոսքերը տվեք այնպես, ինչպես ես ասել եմ: Ենթադրություններ մի կատարեք, մի կտրեք իմ խոսքը կոնտեքստից, մի հանեք, մի փոփոխեք, ինչ որ կա ես պատրաստ եմ բաց տեսքտով ասել: Ավելին` նախարար նշանակվելու առաջին օրը հայտարարել եմ, որ հրապարակային, բաց գործունեության կողմնակից եմ, բայց դա չի նշանակում, որ իմ խոսքերը պետք է աղավաղել, կամ այլ ձևով ներկայացնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ խոսքը Ազգային ժողովում բյուջեի 2015թ-ի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ կարճ հարցազրույցի մասին է, երբ խոսել է մենաշնորհից և կոնկրետ մեկ օրինակ է բերել` շաքարավազի հետ կապված, որը սակայն աղավաղված տեսքով է ներկայացվել:
Այժմ հստակեցնելով, թե ինչ է ասել, նախարարն ասաց. «Ես ասել եմ հետևյալը, որ շաքարավազի գործարանը Հայաստանում միակն է, այս պահին երկրորդ գործարան չկա: Գործող օրենքի շրջանակում այս գործարանը իր գործունեությամբ չի համարվում մենաշնորհ: Այսինքն՝ փաստացի միակն է, բայց չի համարվում մենաշնորհ: Որպեսզի իրականությունն ու օրենքը իրար համապատասխանեն, անհրաժեշտ է՝ մենաշնորհի կարգավիճակը ստանա, բայց ոչ թե արտոնությունների համար, այլ հավելյալ պարտավորություններ դնելու համար, քանի որ այլ բան է, երբ կազմակերպությունը չի համարվում մենաշնորհ, նրա նկատմամբ չես կարող կիրառել հակամենաշնորհային գործիքներ: Ամենևին չեմ ասել, որ իրեն պետք է օրենքով ճանաչել մենաշնորհ, ես նման ընկալում բացարձակ չունեմ, քանի որ մենաշնորհի կարգավիճակը բերում է հավելյալ պատասխանատվություն` թափանցիկ գործունեության, ինքնարժեքի ձևավորման, շուկայում նրա ազդեցության մանրամասն ուսումնասիրությամբ, պահանջներով և այլն»:
Էկոնոմիկայի նախարարի խոսքերով՝ ամենևին խնդիր չի դրվել, որ հատկապես խոսքը գնա տվյալ ապրանքային շուկայի մասին, պարզապես օրինակը բերել է շաքարավազի վրա` ցույց տալով նաև միջազգային փորձը, թե ինչպես է այդ հարցը կարգավորվել:
Արծվիկ Մինասյանը դիմեց նաև բոլոր այն քաղաքական գործիքներին ու մասնագետներին, որոնք իրեն լավ ճանաչելով՝ չպետք է մի փոքր անգամ մտածեն, թե Արծվիկ Մինասյանը փոխվել է:
«Ես նույն Արծվիկ Մինասյանն եմ, ինչպիսին որ պառլամենտում էի, այդպես էլ այստեղ: Ես իմ համոզմունքները չեմ փոխել և չեմ փոխելու, քանի որ ես այստեղ նշանակված եմ ՀՅԴ-ի առաջադրմամբ, հետևաբար, բոլոր այն հայացքները, մոտեցումները, որոնք առաջ է տանում քաղաքական ուժը, ես շարունակում եմ որպես նախարար առաջ տանել: Գուցե աշխատելու ոճը մի քիչ պետք է փոխվի, քանի որ այլ է պառլամենտում, այլ է գործադիրում, բայց համոզմունքները նույնն են»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան