Բունդեսթագի բոլոր խմբակցությունները Հայոց ցեղասպանության ճանաչման համատեղ բանաձև են ներկայացրել
Գերմանիայի Բունդեսթագի բոլոր խմբակցությունները` իշխող ՔԴՄ/ՔՍՄ և Սոցիալդեմոկրատական կուսակցությունները, 90 Դաշինքը և Կանաչները մայիսի 30-ին ներկայացրել են համատեղ բանաձև, որտեղ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:
«Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1919-1916թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման» մասին բանաձևում ամրագրվում է, որ «Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան կայսրությունում հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանման և կոտորածների զոհերի առաջ»:
Բանաձևում նշվում է, որ 100 տարի առաջ երիտթուրքերի կողմից նախաձեռնվում և համակարգված ձևով իրականացվում է ավելի քան մեկ միլիոն հայերի տեղահանումը և ոչնչացումը:
«Նրանց ճակատագիրը զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանումների, ինչպես նաև` ցեղասպանության օրինակ է ծառայում, որոնցով 20-րդ դարը նման սարսափելի կերպով երբևէ նկարագրվել է», - ասված է բանաձևում:
Բոլոր խմբակցությունների կողմից առաջադրված այս բանաձևում հաստատվում է նաև, որ «Գերմանական կայսրությունը կրում է մեղսակցություն տեղի ունեցածի համար»:
Հինգշաբթի` հունիսի 2-ին կայանալիք քննարկման ժամանակ, այսպիսով, ներկայացված է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեք բանաձև: Բացի ներկայացված բանաձևից Բունդեսթագի այսօրվա նիստում ներկայացված են նաև 2 այլ բանաձևեր:
Դրանցից առանցքայինը, որը ներկայացվել էր Կանաչների և մի շարք այլ պատգամավորների կողմից, պարունակում էր առավել կոշտ որակումներ ու գնահատականներ:
Այս բանաձևով նախատեսվում է անհերքելիորեն ընդունել Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանության, ինչպես նաև հայ ազգաբնակչության բռնի տեղահանման փաստերը և ճանաչել երիտթուրքերի կողմից «հայ ազգաբնակչության համակարգված կերպով ծրագրավորված և կազմակերպված բնաջնջումը որպես Ցեղասպանություն»: Բանաձևում նաև ընդգծվում է, որ ճանաչումը կատարվում է ՄԱԿ 1948թ-ին ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի վերաբերյալ կոնվենցիայի դրույթներին համաձայն:
«Գերմանիայի Բունդեսթագը ներողություն է հայցում հայուհիներից և հայերից` Գերմանական կայսրության կողմից Ցեղասպանությանն օժանդակելու համար», - ասված է բանաձևում:
Երևանի ժամանակով 13:00-ից Բունդեսթագում սկսվելու են քննարկումները և քվեարկությունը, ինչի արդյունքում պարզ կլինի, թե որ տարբերակն է ընդունվելու: