Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում
Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների հետևանքով գլխի բեկորային վնասվածք ստացած 21-ամյա ժամկետային զինծառայող Դանիել Դավթյանն արդեն մի քանի օր է տեղափոխվել է հիվանդասենյակ:
«Փառք Աստծո, արդեն լավ եմ»,- ասում է Դանիելն ու վերհիշում ապրիլի 2-ի գիշերվա հարձակումը, իր վիրավորվելը, և ամենակարևորը՝ ինչպես է իրեն փրկել նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը:
Տանկիստ-մեխանիկ Դանիելը Panorama.am-ի թղթակցին պատմում է, որ վնասվածք է ստացել Մատաղիսում: Պայթած արկի բեկորը ներթափանցել է նրա ուղեղ, բազմաթիվ մանր բեկորներ էլ՝ մարմնի տարբեր հատվածներ: Նրան դուրս է բերել ընկերը և բուժկետում առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ ապրիլի 4-ին՝ Երևան:
Դանիելին վիրահատել է նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը: Վերջինս խոստովանում է, որ զինվորի վիճակը ծայրաստիճան ծանր էր, և քիչ հույսեր կային, որ նա ողջ կմնա: Դանիելը երկար ժամանակ եղել է կոմայի մեջ, նրան վերակենդանացման բաժանմունքում մկրտել են, իսկ մի քանի օր հետո արդեն կոմայից դուրս է եկել:
Հրայր Աճեմյանը նշում է, որ Դանիելն արդեն կարողանում է կանգնել, իսկ դա արդեն լուրջ առաջընթաց է. «Այն, որ նման վիրավորում ստացած հիվանդը կենդանի է մնացել, դա արդեն հաղթանակ է: Հիմա արդեն կարող եմ այդ մասին հանգիստ Դանիելի մոտ ասել, քանի որ նա գիտակցում է, թե ինչ է իր հետ կատարվել: Մենք առաջին հերթին միայն մտածում էինք փրկել նրա կյանքը, բայց հիմա Դանիելն արդեն կանգնում է: Վստահ ենք, որ քայլելու է»:
Բժիշկի խոսքերը լսելուց հետո Դանիելն արձագանքում է. «Անպայման պետք է քայլեմ: Գնամ Կարմիր խաչ, վերականգնողական աշխատանքներից հետո ամեն ինչ շատ լավ կլինի»:
Դանիելն ասում է՝ երբեք չէր մտածի, որ նման իրավիճակում կհայտնվի:
«Ես երբեք չեմ իմացել, թե ինչ բան է հիվանդանոցը: Երևանում եմ ապրում, բայց այս հոպիտալի տեղը չգիտեի, հիմա արդեն գիտեմ…»,- ժպտալով նշում է նա:
Զրույցի ընթացքում հիշում է նաև ծառայակից ընկերներին, խոսում է նրանց հետ ու փառք տալիս Աստծուն, որ նրանք պատերազմական գործողությունների ժամանակ ընդամենը թեթև այրվածքներ են ստացել. հիմա ապաքինվել են և արդեն վերադարձել են ծառայության:
«Ես թեկուզ հոսպիտալում եմ, բայց մտքերով բոլոր տղերքի հետ եմ: Ապաքինվելուց հետո անպայման գնալու եմ իմ զորամաս, իմ տեխնիկան նորից պետք է վարեմ»,- ասում է Դանիելը:
Մանրամասները՝ տեսանյութում: