Չինաստանը Հայաստանին կտրամադրի 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» hամաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ինչպես նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, համաձայնագրով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 60 մլն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնություն: Այն կուղղվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի ծրագրի և ՀՀ այլ ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը: Այդ միջոցներով իրականացվող կոնկրետ ծրագրի բովանդակությունը լրացուցիչ համաձայնեցվելու է կողմերի միջև:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ ՉԺՀ կառավարության կողմից 1999թ. սկսած յուրաքանչյուր տարի տրամադրվում է անհատույց օգնություն ՀՀ կառավարությանը: Այդ շրջանակներում իրականացվող համագործակցությունը ընդհանուր առմամբ համահունչ է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծագրերին:
Մինչ այժմ ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցությունը հաջող ընթացք է ունեցել. իրականացվել են տարբեր ծրագրեր` գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի և այլ ոլորտներում: Վերջին տարիներին ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող անհատույց օգնության ծավալներն աճել են: