Արման Լազգիյանը սկսել է նորմալ սնվել և խոսել
Գերմանական Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունքում բուժում ստացող հայ զինծառայող Արման Լազգիյանը արդեն նորմալ սնվում է և խոսում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը:
«Սկսել է նորմալ սնվել, աղիքները լավ գործում են, սկսել է խոսել, ստամոքսի, աղիքի, թոքերի բոլոր խողովակները հեռացրել են: Թոքերում առաջ ջուր էր հավաքվում, հիմա այդ խնդիրն էլ չկա, ամեն ինչ նորմալ է», - Համբուրգից պատմեց հայրը:
Նրա փոխանցմամբ՝ որդուն մագնիսառեզոնանսային հետազոտության են ենթարկել և սպասում են պրոֆեսորների եզրակացությանը:
«Միաժամանակ զբաղվում են վերականգնողական կլինիկայի ընտրությամբ՝ տեսնեն՝ որն է ավելի ճիշտ հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու համար», -ասաց Լազգիյան ավագը՝ չբացառելով իրենց տեղափոխումը այլ կլինիկա:
Նրա խոսքով, այդուհանդերձ, վիրահատությունից խուսափել չի ստացվում և հնարավոր է հաջորդ շաբաթ փոքրիկ վիրահատություն անեն. պառկելախոցի խնդիր է առաջացել:
«Երկար ժամանակ պառկել է, բորբոքվել է: Բայց ասում են բարդ վիրահատություն չէ», - ասաց Միքայել Լազգիյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմանի տրամադրությունը բացվել է, սկսել է նորմալ սնվել. Համբուրգ տեղափոխված զինվորի հայր
- Արցախում ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ