Լուվրից տարհանվում են արվեստի գործերը
Աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, այսօր այցելուների համար փակ է Փարիզում հեղեղումների պատճառով՝ Սենա գետը դուրս է եկել ափերից հորդառատ անձրևների և ջրերի բարձրացման արդյունքում: Նման որոշում է ընդունել նաև փարիզյան ևս մեկ հայտնի՝ Օրսե թանգարանի ղեկավարությունը, որը գտնվում է Սենա գետի ձախ ափին: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը:
Հինգշաբթի երեկոյան կամավորներն ու թանգարանի աշխատակիցները տարհանել են 150 հազար արվեստի գործ՝ քանդակներ, նկարները, արժեքավոր առարկաներ, որոնք գտնվում են շենքի ներքին հարկերում և ստորգետնյա սենյակներում: Երկու թանգարաներում արվեստի գործերի տեղափոխման աշխատանքներին մասնակցում է 600 մարդ:
Լուվրի Թվիթերյան էջում գրված է, որ արվեստի գործերին որևէ վտանգ չի սպառնում:
Փարիզում գտնվող մշակույթի մի քանի այլ հաստատություններ նույնպես կարող են տուժել ջրհեղեղից: Դրանցում արվեստի գործերի տարհանումը կսկսվի այն դեպքում, եթե ջրի մակարդակը գերազանցի 7,3 մետրը:
Այսօր Ֆրանսիայի մշակույթի նախարարը պետք է խորհրդակցություն անցկացնի մշակութային հաստատությունների ղեկավարների և կառավարության անդամների հետ՝ քննարկելու արվեստի գլուխգործոցների պահպանության հետ կապված հարցեր:
Հայտնում են, որ Ֆրանսիայում արդեն վնասվել է Շամբոր ամրոցը. Վերածննդի դարաշրջանի ճարտարապետական գլուխգործոցը շրջապատվել է ջրով:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում ջրհեղեղի պատճառով պատրաստվում են փակել մետրոն և Լուվրը
- Ֆրանսիայում ջրհեղեղների հետևանքով տարհանվել է ավելի քան 5.5 հազար մարդ