Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին նվիրված Երևանում գիտաժողով է անցկացվելու
Արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին նվիրված Երևանում կազմակերպվելու գիտաժողով: Հայաստանի ազգային պատկերասրահից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ գիտաժողովը կայանալու է հոկտեմբերի 5-6-ը, մասնակցության հայտերը պետք է ուղարկել մինչև հունիսի 15-ը ներառյալ, իսկ զեկուցման հիմնադրույթը՝ հուլիսի 15-ը ներառյալ:
«Ռուբեն Դրամբյան. արվեստաբան, թանգարանագետ, մտավորական…» գիտաժողովում ներկայացված նյութերը կհրատարակվեն ժողովածուի տեսքով։
Ռուբեն Դրամբյանը (1891 թ., հունիսի 17 , Ալեքսանդրապոլ - 1991 թ., մարտի 10, Երևան) 1924 թվականի աշնանը Մարտիրոս Սարյանի և Ալեքսանդր Թամանյանի համառ պահանջով Պետրոգրադից տեղափոխվում է Երևան։
«1924 թվականի ամռանը Ալեքսանդր Թամանյանը, գտնվելով Լենինգրադում, այցելում է Ռուսական թանգարան, և հրաժեշտ տալու ժամանակ սկսում է հրավիրել ինձ աշխատել Հայաստանում: Ես ինքս էլ էի արդեն մտածում այդ մասին, Հայաստան տեղափոխվել համոզում էին նաև ընկերներս ու բարեկամներս, համառորեն խորհուրդ էր տալիս Մարտիրոս Սարյանը: Նրանք վարակեցին ինձ իրենց խանդավառությամբ, և 1924 թվականին տեղափոխվեցի Երևան: 1924 թվականի վերջին նշանակվեցի գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ հետո Հայաստանի կերպարվեստի թանգարանի տնօրեն»,- ասել է նա:
Ռուբեն Դրամբյանը Հայաստանի պատկերասրահը փաստացիորեն ստեղծում է զրոյից։
Արվեստագետ Հենրիկ Իգիթյանը գրում է.«Երբեմն մեծարելով այս կամ այն մարդուն` մենք ստվերում ենք թողնում նրան, ով իսկապես արժանի է ուշադրության: Գործնականում, նախքան Ռուբեն Դրամբյանի տեղափոխվելը, թանգարան` որպես այդպիսին, չկար: Այո, քսան աշխատանքներից բաղկացած առաջին ցուցադրությունը տեղի էր ունեցել 1921 թ. օգոստոսին, երիտասարդ հանրապետության կառավարության կողմից որոշում էր ընդունվել Երևանում չորս բաժիններից բաղկացած (պատմա-հնագիտական, պատմական-հեղափոխական, ազգագրական և գեղարվեստական) Հայաստանի պետական թանգարան հիմնադրելու մասին, սակայն գաղափարը նյութականացվում է մշակույթի կրող, գիտակ, բարձր ճաշակի, հավաքողի անսխալ զգացողության և արվեստի հանդեպ մեծ սիրո տեր մարդու կողմից…»:
Ռ.Դրամբյանը ձեռնամուխ է լինում թանգարանի հավաքածուի ստեղծմանը։ Առաջնակարգ նշանակություն է տրվում հայկական արվեստի հավաքածուի համալրմանը։ Հայ վարպետների աշխատանքները ձեռք են բերվում ոչ միայն Հայաստանում, այլև Թիֆլիսում։ Հայկական գեղանկարչության դասական Հակոբ Հովնաթանյանը Ռուբեն Դրամբյանի մեծ հայտնագործությունն է։ Գրավիչ ու բարդ էր այդ նկարչի աշխատանքների որոնման գործընթացն ու նրա ստեղծագործության ուսումնասիրությունը, որն ապրել է 19-րդ դարի առաջին կեսին և մեծ հաջողություն է վայելել Թիֆլիսի հարուստ հայերի մոտ։ Վարպետի հայտնի 70 աշխատանքներից 34-ը պահպանվում են Պատկերասրահում։
Ռ.Դրամբյանի աշխատությունները նվիրված են Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Հակոբ Գյուրջյանի, Հակոբ Հովնաթանյանի արվեստին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում