Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայանում ուկրաինացի այլախոհ բանաստեղծ Վասիլ Ստուսը
Իր խոհափիլիսոփայական պոեզիայով առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայանում խորհրդային շրջանի ուկրաինացի այլախոհ բանաստեղծ, Ուկրաինայի հերոս, Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակակիր Վասիլ Ստուսը:
Փարաջանովի տուն-թանգարանում այսօր կայացավ Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն թարգմանությամբ «Հանգիստ տուր ինձ, Տեր» ժողովածուի շնորհանդեսը։ Գրքի հրատարակությունը նախաձեռնել և իրականացրել է նախկին քաղբանտարկյալ, Վասիլ Ստուսի ճամբարային ընկեր և համախոհ, Ազգային Միացյալ կուսակցության անդամ, «Անկախության բանակի» հիմնադիրներից Ռազմիկ Մարկոսյանը։ Ստուսի բանաստեղծությունները ռուսերենից հայերեն է թարգմանել Երազիկ Գրիգորյանը:
«Մեկ տարուց ավելի է աշխատել եմ այս ժողովածուի վրա: Ամբողջությամբ տարված էի Ստուսով: Ինձ համար Ստուսը պայքարի բանաստեղծ է: Լինել անազատության մեջ, զրկված լինել տարրական մարդկային իրավունքներից և պայքարել դրսում, ազատության մեջ ապրող մարդու լիարժեք, իրական ազատության համար, ամեն մեկին տրված չէ: Ստուսն ինձ համար ֆենոմեն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երազիկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ իր համար ամենադժվարը նրա երևակայական աշխարհի, աբստրակտ մտածողության գաղտնագրերը գտնելն էր: Ժողովածուում ընդգրկված են Ստուսի տարբեր ժամանակներում գրված բանաստեղծություններ:
Ռազմիկ Մարկոսյանը Ստուսի հետ երկու անգամ եղել է նույն ճամբարում, երկու անգամ հիվանդանոցում: Նա պատմեց, որ Ստուսի քաղաքական և հասարակական գործունեությունը սկսվել էր 1965 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Կիևի «Ուկրաինա» կինոթատրոնում Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կազմակերպված միտինգին ունեցած մասնակցությամբ: Այդ օրը ի պաշտպանություն կալանավորված 28 ուկրաինացի մտավորականի ելույթը նրա առաջին քաղաքական քայլն էր՝ ընդդեմ պետական համակարգի ապօրինի գործունեության:
«Միտինգից հետո մոտենում է Փարաջանովին, ներողություն խնդրում կատարվածի համար: Փարաջանովն ասում է, որ դա իր պրեմիերայի համար մեծ պատիվ էր»,- պատմեց Ռ. Մարկոսյանը:
Նա նշեց, որ Ստուսի բանաստեղծությունները բոլոր ժամանակներում, բոլոր ճամբարներում վտանգված էին. «Մենք ակամայից պաշտպաններին էինք: Ինձ հաջողվել է փրկել Ստուսի 50 բանաստեղծություն»:
Հայերեն ժողովածուի վերնագիրն հենց Ռ.Մարկոսյանն է ընտրել:
«Ես երևի իրավունք չունեին վերնագրել ժողովածուն, բայց իմ մտերմությունը թույլ տվեց, իր բանաստեղծություններից մեկի տողերից եմ ընտրել»,- ասաց Վասիլ Ստուսի ճամբարային ընկերն և համախոհը:
Ստուսը սիրահարված էր Հայաստանին: Այդ մասին նա գրել է իր նամակներում:
Գրքի շնորհանդեսին ներկա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը պատասխանելով հարցին, թե ի՞նչն է գրավել Ստուսին, որպեսզի սիրահարվի Հայաստանին, ասաց. «Մենք երբեք չենք եղել զավթողական ախորժակների տեր, չենք ուզել տիրանալ ուրիշի հարստությանը: Մեր հարստությունն անբավ է, ով ծանոթանում է դրան, իրեն զգում է շատ բարձր արժեքի տեր: Անշուշտ, այդպիսիք կան նաև ուկրաինացիների մեջ»:
Նա նշեց, որ գնահատում է Ռ.Մարկոսյանի կատարած աշխատանքը, ով հավատարիմ է մնացել իր անցյալի բոլոր սերերին, գաղափարներին, հավատալիքներին:
«Այսօր Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները նոր իրադրության մեջ են հայտնվել, անվերջ խորքեր մտնելու, արմատական կապեր հայտնաբերելու, արժեքներն ընդհանրացնելու խնդիր ունենք: Երբ որ Ռազմիկ Մարկոսյանն իր անցյալը հիշելով, մտերմությունը հիշելով Ստուսի հետ, կարևորելով դրա հետքերն այսօր տեսնել կենդանացած իբրև գիրք, իբրև թարգմանական աշխատանք, գալիս միանում է այս երկու ժողովուրդների միջև եղած ընդհանուր հոգսերին»,- ասաց կոմպոզիտորը:
Տիգրան Մանսուրյանը նաև նշեց. «Պոեզիան միշտ պետք է լինի քո անկողնու կողքին, մեկ տասնամյակ ընթերցես, կապվես, հետո կարճ ժամանակով բաժանվես ու նորից միանաս: Բանաստեղծությունը գիրք չէ, որ կարդաս, վրայից անցնես ու ասես՝ գիտեմ: Այդպես չէ: Առաջին շփումից տեսա, որ ունենք թանկագին գիրք»:
1965-ին Ստուսը փորձում է հրատարակել իր առաջին`«Ջրապտույտ» գիրքը: Բայց հեղինակի գաղափարա-գեղարվեստական չափանիշներն ու քաղաքացիական դիրքորոշումը հրատարակիչներին չեն բավարարում: Հաջորդ ժողովածուն`«Ձմեռային ծառերը», նույնպես մնում է հրատարակչությունում: 1970-ին այն լույս է տեսնում Բելգիայում, ինչից հետո Ստուսը վերջնականապես դառնում է համակարգի հալածյալը: 1972-ին Ստուսը ձերբակալվում է հակախորհրդային ագիտացիա և պրոպագանդա վարելու մեղադրանքով: Մեղսագրման համար հիմք էին ծառայում նրա 14 բանաստեղծություններն ու 10 իրավապաշտպանական և գրականագիտական հոդվածները: 1980-ին Ստուսը Կիևի մարզային դատարանի կողմից դատապարտվում է 10 տարի հատուկ ռեժիմի կալանքի և 5 տարի աքսորի: Հայտարարվում է հատուկ վտանգավորության կրկնահանցագործ: 1983-ին Ստուսին հաջողվում է լիտվացի Գայաուսկաս ամուսինների միջոցով բանտից դուրս հանել իր «Ճամբարային տետրից» վերնագրով գրառությունը: Դրա հրապարակումը Արևմուտքում, ինչպես նաև Ստուսի ստեղծագործությունները Նոբելյան մրցանակի ներկայացնելու կապակցությամբ միջոցառումները պատճառ են հանդիսանում, որ Ստուսի նկատմամբ ճնշումը մեծանա:
1985-ի օգոստոսի 28-ին Ստուսին հերթական անգամ անհիմն մեղադրանքով պատժախուց են նետում, որտեղ նա անժամկետ հացադուլ է հայտարարում: 1985-ի սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը նա մահանում է Ռուսաստանի Պերմի մարզի Կուչինո ավանում տեղակայված ԳՈՒԼԱԳ-ի մահվան ճամբարի մենախցում, 47 տարեկան հասակում:
Ստուսի մահին հաջորդում է նրա արդարացումը` 1990-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում