Կին պատգամավորները Մոսկվայում բարձրաձայնել են Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի վերաբերյալ մտահոգությունները
Քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառել է իր կուտակած ողջ զինանոցը, որը ձեռք է բերել վերջին տարիներին, այդ թվում՝ Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ելույթ ունենալավ Մոսկվայում ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստում:
Նաղդալյանն ընդգծել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք գտնվում ենք անվտանգության միևնույն համակարգում: Մենք բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունն այն մասին, որ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին հայ հասարակության վրա հոգեբանական ազդեցություն է գործում, երբ հայ սպան գիտակցում է, որ իր վրա կրակում են ռազմավարական դաշնակցից ձեռք բերված զենքով»:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ փոխնախագահը չի շրջանցել նաև միջազգային հանրության անհասցե հայտարարությունների անթույլատրելիության փաստը՝ ընդգծելով, որ դա հատկապես նկատելի և անթույլատրելի էր ապրիլին՝ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ժամանակ և դրանցից հետո:
Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները՝ զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ խոշտանգումները, խաղաղ բնակավայրերի վրա հարձակումները՝ անդրադառնալով նաև Ադրբեջանին Ռուսաստանի կողմից ծանր զինատեսակների վաճառքին:
«Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց և անկեղծ: Դա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն է, զենք, որն Ալիևն օգտագործեց ապրիլյան պատերազմում՝ սպանելով զինվորների և խաղաղ բնակիչների», - նշել է նա:
Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հետևանքով հայ հասարակության մեջ հասունացած դժգոհություններն իր ելույթում փոխանցել է նաև ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին, ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության սրումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը և հատկապես Հայաստանի բարեկամ պետությունները հասցեական և կոնկրետ գնահատականներ չեն հնչեցնի ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ:
«Ստեղծված իրադրությունում հակամարտության արագ հանգուցալուծում հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանն առաջնորդվում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով», - իր խոսքում նշել է տիկին Սարգսյանը` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հակառակ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դիրքորոշումը կոնֆլիկտի կարգավորման հարցում բավականին հստակ է. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող զիջման առարկա լինել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան