Հայ-ռուսական ռազմական համագործակցության նոր համաձայնագիր է ներկայացվում ԱԺ-ին
Հայաստանի Ազգային ժողովի դատին հայ-ռուսական ռազմական ոլորտի համագործակցությանը վերաբերող նոր համաձայնագիր է ներկայացվում:
Համաձայնագիրը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին է:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով փաստաթուղթը, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրեց, որ «այս համաձայնագիրը ՀՀ ռազմապաշտպանական ոլորտին առնչվող համաձայնագիր է, ունի ռազմավարական կարևոր նշանակություն»:
«Մեր հակաօդային պաշտպանության համակարգերն ունենք, գործում են, բայց խոսքը գնում է Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների մասին, այդ միջոցների օգտագործման մասին», -հայտարարեց Նազարյանը՝ ձեռնպահ մնալով մանրամասներ հայտնել, քանի որ մանրամասները պետական գաղտնիք են համարվում:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հետաքրքրվեց, թե Հայաստանը կարող է իր համար ցանկալի ձևով կառավարել իր ուժերը, փաստաթուղթը ներկայացնող փոխնախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ խաղաղ պայմաններում Հայաստանը կկարողանա կառավարել իր ուժերը միայնակ:
Մեկ այլ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանի հարցին. «Իսկ պատերազմի ժամանա՞կ», Արա Նազարյանը պատասխանեց. «Համատեղ պլաններով»:
Փաշինյանը երկրորդ հարցը տվեց. «Այդ դեպքում ո՞րն է մեր շահագրգռվածությունը այս համակարգը ունենալում, քանի որ խաղաղ մենք ինքնուրույն կարող են կիրառել մեր հակաօդային պաշտպանության համակարգը, իսկ պատերազմի ժամանակ՝ համատեղ: Չորսօրյա պատերազմի փորձը ինձ վախեցնում է՝ մենք Ռուսաստանի հետ համատեղ պետք է որոշենք մեր օդային տարածքը պաշտպանե՞նք, թե՞ չպաշտպանենք: Ի՞նչ ենք ստանում, ինչի՞ ենք մեր հակաօդային պաշտպանական համակարգը դնում Ռուսաստանի հետ համատեղ կառավարման տակ՝ մեր ինքնուրույն հակաօդային պաշտպանական համակարգը զարգացնելու փոխարեն»:
Փաշինյանը նաև կասկածներ հայտնեց, որ հնարավոր է Ռուսաստանը ջանքեր գործադրի, որ Հայաստանը իր օդային տարածքը չկարողանա պաշտպանել պատերազմական իրավիճակում:
Ի պատասխան Արա Նազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը խնդիրը ծայրահեղ կերպով է ներկայացնում և նման բան լինել չի կարող:
«Համաձայնագրով կառավարումն իրականացնում է ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Այսինքն՝ ամբողջ գործողությունները կառավարում է հայկական կողմը: Ինչ վերաբերում է նրան, թե՝ ինչ ենք մենք ունենալու, ապա ասեմ՝ մենք ունենալու ենք լրացուցիչ, օժանդակ ուժեր, որը կօգտագործենք ըստ նպատակահարմարության», -հավելեց ՊՆ փոխնախարարը:
Փաշինյանը փորձեց հստակեցնել, թե՝ այսինքն ՀՀ հակաօդային ուժերի պաշտպանության հրամանատարը կարո՞ղ է որոշել Ռուսաստանի ռազմաբազայում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցով ոչնչացնել, օրինակ, Ադրբեջանից մտած ինքնաթիռը:
«Պուլտը ո՞վ է սեղմելու՝ ռուս զինվորը, թե՞ հայ զինվորը», -հարցը շարունակեց պատգամավորը:
«Կառավարումն իրականացնում է հայկական կողմը», -պատասխանեց Նազարյանը:
Երբ Փաշինյանը խնդրեց ուղիղ պատասխանել հարցին, թե «պուլտը ով է սեղմելու», Նազարյանը արձագանքեց ժպտալով. «Պուլտով չի»:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ համաձայնագրի ընդունումից հետո կկազմվեն համատեղ կիրառման պլաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան