Արամ Առաջին կաթողիկոսը ողջունում է Գերմանիայի քաջ քայլը
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որով ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման Գերմանիայի քայլը՝ այն որակելով քաջ ու պատմական:
Կաթողիկոսության պաշտոնական էջի փոխանցմամբ, Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը մարդու իրավունքների նկատմամբ Գերմանիայի հանձնառության պերճախոս վկայությունն է, ինչպես նաև աշխարհին ուղղված պատգամ՝ հիշեցնելու անցյալին պատասխանատու կերպով մոտենալու կարևորությունը:
Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսությունը ևս Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ գործադրած ցեղասպանության զոհն է, երբ իր նախորդներից Սահակ Բ. Կաթողիկոսը միաբանության հետ միասին թուրքական իշխանության կողմից պարտադրված հեռացավ ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող և Սիսի մեջ հաստատված Հայ եկեղեցու Կաթողիկոսարանից:
Արամ Ա-ն հայ ժողովրդի անունից իր զորակցությունն է հայտնել անարդարության դեմ պայքարին: