Հռոմի Պապը Ծիծեռնակաբերդ իր այցելությամբ հաստատելու է արդեն իր կողմից հնչեցրած հայտարարությունը. Տեր Շահե
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցելության նշանակությունը, ըստ երևույթին, բազմաշերտ է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
«Առաջին և ամենակարևոր նշանակությունն այն է, որ սա, ըստ երևույթին, Հռոմի Պապի կողմից 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի շարունակությունն է: Դրանից հետո նա գրավոր կերպով խոստացել էր այցելել Հայաստան՝ իր հարգանքի տուրքը, բարեկամական ջերմ ուղերձը հղելու բարեկամ հայ ժողովրդին: Վատիկանում ապրիլի 12-ին հնչեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, կատարվել է Օսմանյան Թուրքիայում, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Բնականաբար, Պապը Ծիծեռնակաբերդ իր այցելությամբ հաստատելու է արդեն իր կողմից հնչեցրած միտքը, պաշտոնական հայտարարությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստանում է լինելու հունիսի 24-26-ը: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:
Ըստ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի, Հռոմի Սրբազան Քահանայապետի այցելությունը նպատակ ունի ամրապնդելու միջեկեղեցական հարաբերությունները. «Հայ եկեղեցին ջերմ, եղբայրական միջեկեղեցական հարաբերություններ ունի կաթոլիկ եկեղեցու հետ: Միջեկեղեցական եղբայրական այցելություն է, նպատակ ունի ամրապնդելու հարաբերությունները, նոր քայլ է լինելու դեպի հարաբերությունների ամրապնդում՝ շոշափելով համագործակցության նոր ոլորտներ»:
Նա հիշեցրեց, որ երկրորդ անգամ է Հայաստան այցելում Հռոմի քահանայապետ. 2001-ին Հայաստան էր այցելել Հովհաննես Պողոս Երկրորդը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն կարևորեց նաև հունիսի 25-ի Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի ունենալիք Խաղաղության Աղոթքը:
«Սա երկու եկեղեցապետերի կողմից խաղաղության պատգամ է լինելու տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման, կրոնական հանդուրժողականության իմաստով»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ. Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
- Հաստատվել են Հռոմի Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը
- Հռոմի Պապն ու Հայոց Կաթողիկոսը Երևանում համատեղ հայտարարություն կստորագրեն
- Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հունիսին կայցելի Հայաստան
- Սուրբ պատարագի ընթացքում հայկական ծիրանափող հնչեց
- «Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը
- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը՝ Վատիկանի Սբ Պետրոս տաճարում մեկնարկել է (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին