Խոսրով Հարությունյան. «Մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք գերմանական ժողովրդի խիզախությունը»
Ողջունում եմ գերմանական ժողովրդին, առաջադեմ մարդկությանը և հույս ունեմ, որ այդ որոշմամբ, ըստ էության, նաև ճանապարհ է հարթվում թուրք հասարակության համար: «Panorama.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ բանաձևի ընդունման փաստին, նշել է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Իհարկե, շատ լավ կլիներ, որ այն շատ ավելի վաղ ընդունված լիներ, բաց այսօր այն ընդունելը շատ համահունչ է դեռևս անցյալ տարվանից Հայաստանի իշխանությունների նախաձեռնած համամարդկային ոճրագործությունները և ապագա ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ միջազգային նախաձեռնություններին»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ Գերմնիան միացավ այն շարժմանը որն անցյալ տարի էր սկսվել:
«Անցած տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով սկսված շարժման նպատակն է մոբիլիզացնել առաջադեմ մարդկության հնարավորությունները կարողությունները կանխարգելելու ցեղասպանությունները: Եվ այս համատեքստում, ոչ միայն կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլ նաև կարևոր է ճանաչել հայ ժողովրդի, Հայաստանի իշխանությունների պատասխանատու դերակատարման իրավունքը ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում լոկոմոտիվ դերակատարությունը, նախաձեռնողը լինելու հանգամանքը: Եվ Գերմանիայի խորհրդարանի որոշումը գալիս է լրացնելու, համալրելու, միանալու համամարդկային այդ նախաձեռնությանը և առաջադեմ մարդկության ջանքերին»,- նշեց Հարությունյանը:
Պատգամավորի կարծիքով անհրաժեշտ է շնորհավորել ողջ առաջադեմ մարդկությանը, որովհետև Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հանդարտ, հանգիստ բայց միևնույն ժամանակ հետևողականորեն իր ճանապարհն է հարթում:
«Մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք գերմանական ժողովրդի խիզախությունը՝ սեփական պատմության հետ առերեսվելու, սեփական բացթողումները, թերությունները, սխալները բարձրաձայնելուց չխորշելու, ինչու չէ՝ նաև, ներողություն հայցելու համար»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ գերմանական հասարակությունը ինքն է մաքրվում, ինքն է ձերբազատվում մեղքի հավելյալ բեռից:
«Գերմանիայի փորձը կարող է լինել վարակիչ և շատ օրինակելի հենց նույն թուրքական հասարակության համար: Թուրքիան նույնպես կարող է հետևել Գերմանիայի այդ քայլին՝ մաքրվելով սեփական հասարակությունը և ձերբազատվելով պատմության ծանր բեռից»,- նշեց նա:
Պատգամավոը նաև համոզմունք հայտնեց, որ Գերմանիայի Բունդեսթագի այս քայլը նոր հնարավորություն է բացում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացի համար:
Անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի տեքստին, մասնավորապես Հարությունյանը առանձնացրեց «Բունդեսթագի բանաձևում քրիստոնյա հայության պատմական դերակատարմանն ու առաքելությանը վերաբերող արտահայտությունը:
«Բունդեսթագը արձանագրում է՝ «դե ֆակտո» ժամանակին չգիտակցվեց, որ սրի քաշելով մի ամբողջ ժողովուրդ, նշանակում է մարդկությանը զրկել սեփական քաղաքակրթական իր ուրույն աղբյուրներից մեկին: Այսինքն՝ Բունդեսթագի որոշման մեջ կա նաև հայ ժողովրդի պատմական, մշակութային, քաղաքակրթական դերակատարման գնահատականը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Նման բացթողում ուղղակի Բունդեսթագն իրավունք չուներ թույլ տալու
- Գերմանական հանրությունը ինչ-որ չափով իր մեղսակցությունն ընդունեց. Ռադիկ Մարտիրոսյան