ԱԺ նախագահ. Բունդեսթագի ընդունած բանաձևը ծանրակշիռ ներդրում է պատմական ճշմարտության վերականգնման գործում
Գերմանիան հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, ճշմարտությանը և բարոյականությանը, որոնք առաջնային պայման են ժողովուրդների խաղաղ համակեցության համար: Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտին հղած ուղերձում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի մեր գործընկերներին` մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից մեկին՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը, ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու և այն ճանաչող ու դատապարտող բանաձև ընդունելու համար:
Այդ փաստաթուղթը ոչ միայն հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այլև ծանրակշիռ ներդրում պատմական ճշմարտության վերականգնմանը և աշխարհում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն ուղղված միջազգային գործընթացներում:
Գերմանիան հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, ճշմարտությանը և բարոյականությանը, որոնք առաջնային պայման են ժողովուրդների խաղաղ համակեցության համար: Ընդունված բանաձևը լուրջ ազդակ կլինի Թուրքիայի համար` խիզախություն ունենալու առերեսվել սեփական անցյալի հետ:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»: