Հալեպում Նոր Գյուղ թաղամասի երեկվա ուժգին հրթիռակոծությունը կապում են Բունդեսթագի որոշման հետ
Հալեպի Նոր գյուղ թաղամասում երեկ հրթիռակոծության հետևանքով 4 հայ է զոհվել, կան ավելի քան 16 վիրավորներ, որոնց թվում նույնպես հայեր կան: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Նոր Գյուղի բնակիչներից Հովիկ Շեհիրյանը:
Մահացել են՝ Վազգեն Չաբախչուրյանը, Հովսեփ Ջանեսցյանը, Լևոն Գելխաչերյանը և Խաչիկ Աբուլաբությանը: Երեկվա հրթիռակոծությունից նաև վնասներ են կրել Հայ Կաթողիկէ Սբ. Երրորդություն եկեղեցին և դպրոցը:
«Կրակահերթը սկսվեց կեսօրից հետո: Հրթիռները ծանր հրթիռներ էին, և հրթիռակոծության հետևանքով զոհվեցին չորս հայեր: Երեք մարդկանց մարմինները ածխացած վիճակում տեղափոխեցին հիվանդանոց, սակայն նրանք արդեն մահացած էին», -ներկայացրեց Հովիկը:
Հալեպահայերը երեկվա ակտիվ հարձակումը կապում են Գերմանական Բուդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հետ և կան ոչ պաշտոնական տեղեկություններ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հովանավորել է ահաբեկիչ զինյալներին, որպեսզի հարվածներ հասցնեն Նոր Գյուղ թաղամասին, որտեղ հիմնականում հայեր են ապրում:
Այժմ երեկվա ծանր դրությունից հետո, Հալեպի թաղամասերում վիճակը հանգիստ է, մարդիկ զբաղված են իրենց աշխատանքով:
«Դպրոցը հրետակոծությունից հետո լուրջ վնասներ է կրել, բայց բացվել է, տնօրենն այնտեղ էր: Խանութպանները, բնակիչները իրենց կոտրված ապակիները մաքրելով, իրենց թիրախ դարձած տները հավաքելով, փորձում են կյանքը շարունակել, ապրել», -ներկայացրեց Հովիկ Շեհիրյանը:
Հարցին, թե կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, մեր զրուցակիցը պատասխանեց, թե որպես «ապահով տուն» կան մարդիկ, ովքեր ցանկանում են գալ, ապրել Հայաստանում, բայց այնուամենայնիվ, մարդիկ նյութական վիճակի հետ կապված որոշ տագնապներ ունեն:
«Բայց մեկ է, չնայած այդքան հրետակոծություններին, մեծամասնությունը կուզի մնալ Հալեպի մեջ: Այստեղ հիմա համեստ խավն է ապրում», -ասաց Հովիկը:
Կրակի տակ ապրող մարդիկ հույսը չեն կորցնում, և հալեպահայն ասում է, որ այս ամենը քաղաքական խաղեր են և ինչպես ամեն սկիզբ իր ավարտն ունի, այնպես էլ այս պատերազմը ավարտ կունենա:
«Տեսեք, օրինակ, դպրոցը երեկվա հրթիռների հարձակումից փլատակ դարձավ, բայց այսօր ելել-կանգնել են, որ կառուցեն», -ասում է նա:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում 4 հայ երիտասարդներ են զոհվել. «Արևելք»
- Հալեպը դարձել է առանց պատուհանների քաղաք
- Իրանի ՊՆ. Հալեպն ամբողջությամբ կազատագրվի
- Հալեպի Հայ Ծերանոցի անդամները տեղափոխվել են եկեղեցի
- Հալեպում «Վերժին Կյուլպենկյան» ծերանոցի հրթիռակոծության հետևանքով հայուհի է զոհվել
- Հալեպը ծանր վիճակում է