««Հորիզոն 2020»-ին մասնակցությունը Հայաստանին հեշտ չտրվեց». աշխատաժողով
«Հորիզոն 2020» ծրագիրը Հայաստանի գիտական համայնքին թույլ կտա իրականացնել համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններ, այն կնպաստի նաև հետազոտությունների և մշակումների բնագավառում մասնավոր ներդրումների աճին: Երևանում մեկնարկած «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությանը նվիրված միջազգային աշխատաժողովին ներկայացնելով միջոցառման նպատակն` ասաց ՀՀ Կրթության և և գիտության նախարարության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Աշխատաժողովը կազմակերպվել էր ԳԱԱ մասնակցությամբ ԵՄ 7-րդ Շրջանային ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար» նախագծի շրջանակներում, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:
Աշխատաժողովին ներկա ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ Եվրամիությունն ուզում էր, որ անպայման Հայաստանը մասնակցի այս ծրագրին. «Նույնիսկ կատարեցին մեծ զեղչեր, որպեսզի կարողանանք մասնակցել, որովհետև այն պահանջում էր ֆինանսական ներդրումներ։ Եվ մենք դժվարին պայմաններում ենք գտնվում։ Գիտեք, ֆինանսական դժվարություններ կան: Սկզբնական շրջանում հնարավոր չէր ապահովել այն գումարները, որ պահանջվում էր, բայց Գիտության պետական կոմիտեն, Գիտությունների ազգային ակադեմիան փաստորեն հրաժարվեց մեկ տարվա ֆինանսական բոլոր ռեսուրսներից, որ պետք է օգտագործեինք և տրամադրեցինք մասնակցության համար»:
Նա հույս հայտնեց, որ հետագայում մեր գիտնականները կկարողանան շատ լավ ծրագրեր ներկայացնել և կստանան ներդրածից շատ ավելի մեծ գումարներ:
««Հորիզոն 2020»-ին մասնակցությունը մեզ հեշտ չտրվեց։ Հայաստանը վճարելու է տարեկան անդամավճար՝ այս ծրագրի մասը դառնալով։ Սակայն մենք այս քայլին գնացել ենք` գիտակցելով, որ մեր երկիրը կկարողանա օգտվել բազմաթիվ ծրագրերից»,-նշեց Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։
«Հորիզոն 2020» ծրագրին միանալու վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 19-ին՝ Բրյուսելում:
Հարակից հրապարակումներ`
- Գնդակն արդեն մեր գիտնականների դաշտում է. Լևոն Մկրտչյան
- Էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին. Աշոտյան
- Հայաստանը մտադիր է միանալ ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան