Քաղաքագետ. Նման բացթողում ուղղակի Բունդեսթագն իրավունք չուներ թույլ տալու
Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը 100 տոկոսով բխում է Գերմանիայի ներքին շահերից,-«Մեդիա կենտրոն»-ում «Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման քաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ տեսակետ հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Նրա գնահատմամբ՝ հայերի համար դեռևս որևէ մեկը ոչինչ չի արել. «Սովորաբար նման բանաձևերն ընդունվում են ապրիլի 24-ին ընդառաջ, ոչ թե հետո: Ընդունվեց հիմա, որովհետև Գերմանիայի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների, հետաքրքրությունների առումով պահը հասունացել էր հիմա, այն հիմա էր պետք Գերմանիային»:
Բանաձևի բովանդակության վերաբերյալ ևս նա վերապահումներ ունի:
«Ցեղասպանություն տերմինն օգտագործվում է միայն բանաձևի վերնագրում ու առաջին մասում, որպես հղում այլ ցեղասպանությունների: Մնացած բոլոր տեղերում ամբողջ տեքստում օգտագործվում է մասայական կոտորած, տարհանում տերմինները, որոնք նման Ցեղասպանությունների մասին խոսելիս, միշտ ասոցացվում են մերժողականության ու ժխտողականության հետ»,-ասաց Մարտիրոսյանը:
Քննարկման մասնակիցը սխալ է համարում նաև «այլ քրիստոնյա ժողովուրդների» նկատմամբ ցեղասպանության իրականացում բառակապակցությունը:
«Քրիստոնյա բառը բավականին վտանգավոր դեր է ստանձնում այստեղ: Ես ուղղակի չեմ ուզում հավատալ, որ Բունդեսթագը սա արել է կանխամտածված: Հայաստանում նույնպես շատերը հավատում են, որ ցեղասպանությունը կատարվեց, քանի որ հայերը քրիստոնյա էին: Չկա նման բան: Կոնկրետ 1915 թ. ցեղասպանությունը կատարվեց էթնիկ զտման նպատակով, բնիկ տարրին՝ հայերին Թուրքիայի տարածքից վերացնելու և ոչնչացնելու համար: Այդ ժամանակ ոչնչացվեցին նաև այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնություններ: Սա վտանգավոր բան է, որ կարող է հայերին ու Հայաստանին հակասության մեջ դնել մահմեդական աշխարհի հետ: Նման բացթողում ուղղակի Բունդեսթագն իրավունք չուներ թույլ տալու»,-ասաց նա:
Քաղաքագետն անընդունելի է համարում նաև ցյուրիխյան փաստաթղթերին հղումը, քանի որ «դրանք մեռած են»:
«Շատ վատ դրույթ է, երբ ասվում է, պետք է խթանվի Թուրքիայի կողմից հայկական հուշարձանները վերականգնելուն ուղղված սկսված գործընթացը: Բացահայտորեն Բունդեսթագը կուլ է տվել Թուրքիայի քարոզչական խայծը: Այդ ժառանգությունը ոչնչացվում է, ինչպես ոչնչացվում է Ցեղասպանությունից ի վեր: Անընդունելի է հայ-թուրքական հաշտեցման մասին խոսելը, որովհետև հայերը թուրքերի հետ չեն գժտվել, թուրքերը պարզապես ոչնչացրել են հայերին»,-ասաց Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքագետ. Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունմանը նպաստեց Էրդողանը
- ԱԺ նախագահ. Բունդեսթագի ընդունած բանաձևը ծանրակշիռ ներդրում է պատմական ճշմարտության վերականգնման գործում
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դռներ է փակում դեպի ժխտողականություն. Շարմազանով
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. Սերժ Սարգսյան
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
- Թուրքիայի փոխվարչապետ. Բանաձևը առոչինչ է Թուրքիայի համար
- Բունդեսթագի փոխնախագահ. Ընդունված բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով
- Հայաստանը ողջունում է Բունդեսթագի կողմից հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը. ՀՀ ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան