Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ
Գյումրու Մուշ թաղամասում, որ ապրել էր քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը, երեկ բացվել է ցայտաղբյուր և հուշատախտակ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Շիրակի թեմի հոգևորականի կողմից սկզբում հնչել է տերունական աղոթք, այնուհետև ցայտաղբյուրի բացման պատիվն ընձեռվել է Մերուժանի ընկերներին, որոնց նախաձեռնությամբ էլ այն կյանքի էր կոչվել: Բացման արարողության ընթացքում հնչել են Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցի սաների հայրենասիրական ելույթները:
Ավագ լեյտենանտ Ստեփանյան Մերուժանը ծնվել է 1993 թվականին: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայության էր անցել Թալիշի զորամասում:
20-ամյա ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը Panorama.am-ին պատմել է. «Հարձակվեցին ծանր զենքերով: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին: Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել, նրանք փախան՝ մարտադաշտում թողնելով երեք դիակ: Հաջորդ օրն ավելի մեծ խմբով հարձակվեցին: Ականանետներով կրակում էին, մինչև վերջ պայքարել ենք: Դիրքում 9 հոգով էինք, 4-ը՝ դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը, Վիկտոր Յուզիխովիչը զոհվեցին: Ես ծանր վիրավորվեցի, չէի կարողանում քայլել, գլորվելով իջա ձորը ու սկսեցի սողալով առաջանալ, հարևան դիրքի մոտ մի զինվոր ու սպա օգնության հասան…»:
Լուսանկարները՝ մարզպետարանի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Միայն թող խաղաղություն լինի. զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը
- Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում
- Ոտքը պատերազմում թողած զինվորի ծրագրերն ու մտահոգությունները
- Քյարամ Սլոյանի դպրոցում նախնական զինվորական պատրաստականության կաբինետը կոչվել է նրա անունով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան