Մշակույթին օգնելը երբեք շռայլություն չի լինում. Հարություն Թոփիկյան
Հայ ժողովուրդը մշակութային ազգ է, ունի ամուր արմատներ, չի կարող հեռանալ իր արմատներից,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը: Նա ընդգծեց, որ համաձայն չէ այն բոլոր խոսակցությունների, հայտարարությունների հետ, թե՝ հայ ժողովուրդն այսօր հեռացել է իր արմատներից:
«Աշխարհի մշակութային կյանքում էլ կան հեռացումներ, հետո էլի ակունքներին վերադարձ: Գալիս է նոր սերունդ, նորից ուզում է ճանաչել իր ինքնությունը և գալիս դեպի ակունք: Այս հարցը բնության տեղատվության և մակընթացության նման մի պրոցես է: Միշտ լինում է վերադարձ»,- նշեց Հարություն Թոփիկյանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կարծիքով, յուրաքանչյուր սերունդ կոմիտասյան հանճարին պետք է գա, յուրովի բացահայտի իր համար, ազնվանա, այդ հիմքն ունենալով իր մեջ՝ աշխարհին նայի այդ տեսանկյունով, այդ հզորությամբ:
«Չնայած այսօրվա բացառիկ դժվարին պայմաններին, անորոշությանը, ունենք հրաշալի սերունդ, տաղանդավոր մարդիկ: Նրանք իրենց գործում նվիրյալներ են»,- ընդգծեց մշակութային գործիչը:
Խոսելով մշակույթի ոլորտին տրվող աջակցության մասին, Հ. Թոփիկյանն ասաց, որ մշակույթին օգնելը երբեք շռայլություն չի լինում, մշակույթը միշտ ունի հոգածության կարիք:
«Մենք պետք է ձգտենք ունենալ մեկենասության ինստիտուտ»,- ասաց Հարություն Թոփիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում