Նարեկացիագիտությունը վաղուց դուրս է եկել միջազգային ասպարեզ և գնալով ընդլայնում է իր շրջանակները. Հ. Թամրազյան
«Նարեկացիագիտությունը հսկա հեռանկարներ ունի և նոր հորիզոններ է բացում հայագիտության համար։ Այն վաղուց դուրս է եկել միջազգային ասպարեզ և գնալով ընդլայնում է իր շրջանակները։ Սակայն այստեղ առկա են մի շարք ցավոտ խնդիրներ՝ կապված նոր կադրերի պակասի հետ»,- Մատենադարանի կառավարման խորհրդի նիստում ներկայացնելով 2015 թ. կատարված աշխատանքների մասին ամփոփիչ զեկույցը՝ ասել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի պաշտոնական կայքից:
Նա նշել է, որ խոսքը հատկապես թարգմանական բնագավառի մասին է, որին քիչ ուշադրություն է դարձվում կամ համարյա չի դարձվում հայաստանյան բուհերում և գիտական կենտրոններում։
«Մեր թարգմանչական դպրոցը, որ դարավոր ավանդույթներ է կուտակել, չունի արժանի հետևորդներ։ Եվ մենք պետք է մեզ վրա վերցնենք նոր կադրեր պատրաստելու գործը՝ փորձելով համագործակցել բուհական համակարգի մասնագետների հետ։ Այս տարվա «Նարեկացիական ընթերցումներին» ընդառաջ նախատեսվում են նոր հրատարակություններ և ուսումնասիրություններ, այս ընթացքում գործելու է «Գրիգոր Նարեկացին մանրանկարներում» ցուցադրությունը»,- ասել է Հ.Թամրազյանը:
Մատենադարանի տնօրենը հիշեցրել է, որ 2015 թ. ապրիլ ամսին սուրբ Գրիգոր Նարեկացին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Տիեզերական վարդապետ էր հռչակվել՝ դառնալով արևելաքրիստոնեական եկեղեցու այդ տիտղոսին արժանացած 7 նշանավոր վարդապետներից մեկը։ Այդ առթիվ Մատենադարանում միջազգային գիտաժողով էր կազմակերպվել, հրավիրվել էին նարեկացիագետներ Ժան–Պիեռ Մահեն և հայր Լևոն Զեքիյանը, որոնք մինչ Գրիգոր Նարեկացու հանրահռչակումը, 15 տարուց ավելի մեծ գործունեություն էին ծավալել նարեկացիագիտական միջազգային գիտաժողովներ կազմակերպելու, Նարեկացուն թարգմանելու, այդ նյութերը հայրաբանական գրականության մատենաշարերով հրատարակելու եւ կաթոլիկ եկեղեցու բարձրագույն խորհուրդների քննությանը ներկայացնելու համար։
«Գիտաժողովի ընթացքում որոշվել էր այն դարձնել ամենամյա՝ «Նարեկացիական ընթերցումներ» խորագրով, փորձելով ներգրավել նոր նարեկացիագետների և տարեցտարի մեծացնել դրա շրջանակները։ Եվ դա ենթադրում է նաև թարգմանական–հրատարակչական նոր ծրագրեր՝ որոնք պետք է նպաստեն Գրիգոր Նարեկացու հանրահռչակմանը»,- ասաց Հ.Թամրազյանը: