Ղարաբաղյան հարցում Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանությունների հայտարարությունների տարբերությունները
Ադրբեջանական «Cbc.az» կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը Բաքվում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը, նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Այս առնչությամբ Հայաստանում Իրանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հերքվում է Իրանի դեսպանին վերագրված հայտարարության մասին վերոնշյալ տեղեկատվությունը:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հարպարակված լուրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բաքվում ԻԻՀ դեսպանությունը այս առնչությամբ հայտարարություն չի տարածել և Դեսպանը իր վերջին հարցազրույցում ընդգծել է Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման անփոփոխ լինելու մասին: Սույն դեսպանությունը ևս մեկ անգամ ընգծում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով , հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա»:
Դեսպանի վերոնշյալ ասուլիսի վերաբերյալ Ադրբեջանում Իրանի դեսպանությունն էլ հետևյալ հաղորդագրությունն է տարածել. «Մոհսեն Փաքայինը Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցում Իրանի դիրքորոշումը չի փոխվել: Մենք հուսով ենք, որ այդ հակամարտությունը կլուծվի տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային օրենքների շրջանակներում՝ խաղաղ ճանապարհով: Մենք աջակցում ենք երկու երկրների միջև ընթացող բանակցություններին և հուսով ենք, որ լավ արդյունք կարձանագրվի: Մինսկի խումբը խաղաղության հաստատման նպատակով բանակցությունների անցկացման հարցում ակտիվ մասնակցություն ունենալուն զուգահեռ պետք է առավել ջանքեր գործադրի խնդրի կարգավորման ուղղությամբ: Միջազգային բանաձևերի կատարման և միջազգային օրենքների շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորման համար բանակցությունների շարունակումը կարող է իր ազդեցությունն ունենալ»:
Թե ինչ քաղաքականություն է խաղում Իրանը այս հարցում տարածաշրջանում, հուսանք կպարզվի հունիսի 5-6-ին Նալբանդյանի՝ Իրան պաշտոնական այցի ժամանակ։