«Monocle»-ի անդրադարձը ղարաբաղյան հակամարտությանը
Միջազգային հեղինակավոր «Monocle» մեդիաընկերությունը ծավալուն հոդվածով և վիդեոռեպորտաժով անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` ներկայացնելով հակամարտության նախապատմությունը, առաջին ղարաբաղյան պատերազմը և ապրիլայն իրադարձությունները:
Հրապարակված «Սահմանային երկիր` Լեռնային Ղարաբաղ» վերնագրով ծավալուն հոդվածում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի պատմությանը, խորհրդային ժամանակներում Ադրբեջանի կազմում ընդգրկվելուն, այնուհետև Ղարաբաղյան շարժմանը, ԼՂՀ անկախության հռչակմանը, 4-ամյա պատերազմին և դրա հետևանքներին:
Հոդվածում հրապարակվել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մեկնաբանությունները ղարաբաղյան չավարտված պատերազմի մասին, որտեղ վերջինս մասնավորապես ասում է. «Սա հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հակամրտություն չէ, այլ` պայքար ընդդեմ գազանությունների և ցեղասպանության: Եթե մենք չպաշտպանենք մեր երկիրը, ապա այստեղ մեկ այլ ցեղասպանություն տեղի կունենա»:
Հոդվածի հեղինակ Քրիստոֆեր Լորդը նկատում է, որ «Ադրբեջանն իր տարածքային նկրտումներում առաջընթաց չի նկատում, մինչդեռ երկու կողմերն էլ հաստատում են, որ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներն ավելի ու ավելի են սրվում, սակայն դրանում մեղավորներն այդպես էլ չեն պատժվում»:
ՀԵղինակն այցելել է նաև շփման գիծ և նկարագրել է Արցախի բանակի պատրաստվածությունը, խոսել է զինվորների և հրամանատարական կազմի հետ ու ներկայացրել է նրանց տրամադրությունները:
«Խաղաղությունն է պակասում (ԼՂՀ-ի-խմբ.) տնտեսությանը: Կառավարությունն ասում է, որ բյուջեի 65%-ը կազմում են պետական եկամուտները և հարկերը, իսկ մնացածը` Հայաստանից և սփյուռքից ստացված միջոցները: Նրանք հեռանկար են տեսնում նոր կառուցված հիդրոէլեկտրակայանի և գյուղատնտեսական արտադրանքի ու գինու արտահանման, ինչպես նաև` զբոսաշրջության զարգացման մեջ: Սակայն այս գաղափարն իրագործելի կլինի միայն այն ժամանակ, երբ պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը», - գրում է հեղինակը:
Հեղինակը հոդվածում ներկայացրել է նաև տվյալներ Արցախի բնակչության և այլ ոլորտների մասին: