Արվեստն անազնիվ քայլեր չի սիրում. Գեղանկարիչ
«Արտ ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի շրջանակում այսօր «Հայ-արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ կերպարվեստի ցուցահանդեսի բացումը:
«Պետք է ասեմ, որ սա մի մշակութային խաչմերուկ է, որտեղ ամեն տարի հանդիպում ենք, փորձում ենք հասկանալ՝ ինչ նոր ուղղություններ, ինչ նոր գործեր են առաջարկում մեր երիտասարդները»,- ցուցահանդեսի բացմանն ասաց փառատոնի կերպարվեստի մասնագիտական հանձնախմբի անդամ ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը:
Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Էդուարդ Սեդրակյանը մասնակից երիտասարդներին խորհուրդ տվեց լավ սովորել, լինել ազնիվ իրենք իրենց նկատմամբ. «Արվեստն անազնիվ քայլեր չի սիրում: Ամենակարևորը՝ եղեք մեր ազգային արժեքների կրողն ու շարունակողը և հենվեք այդ հիմքի վրա: Դուք մտել եք մի աշխարհ, որը շատ խորն է, հեռուն է տանում ու այդ հեռվի վերջնակետին հասնելու համար անհրաժեշտ է լինել շատ աշխատասեր, համառ և լուրջ գիտելիքներ ունենալ»:
Հիշեցնենք, որ «Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, մեկնարկել է հունիսի 2-ին, կշարունակվի մինչև հունիսի 12-ը: Փառատոնին մասնակցում է ավելի քան 430 մասնակից Հայաստանից և արտերկրից:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, «Արտ Ֆեստ» փառատոնը համախմբում է ստեղծագործող երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկում է «Արտ Ֆեստ 2016»-ը
- «Արտ Ֆեստ»-ը լավ առիթ է հիանալու և հպարտանալու մեր նոր սերնդով. Աշոտ Համբարձումյան
- «Արտ ֆեստ» փառատոնը կներկայանա միջազգային ձևաչափով