Հայտնի են «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի հաղթողները
Այսօր Երևանում տեղի ունեցավ «Ոզնի» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի հաղթող ճանաչվեցին և մրցանակներ ստացան 56 աշակերտներ, բացի այդ՝ ևս 6 աշակերտ ստացավ խրախուսական մրցանակ:
Այս տարի մրցույթին մասնակցեցին 6-10-րդ դասարանների 319 աշակերտներ Երևանի 45 և ՀՀ մարզերի 125 դպրոցներից, ինչպես նաև 91 աշակերտ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից: Աշակերտները կաշխատեն «Աղվես» համակարգչային ծրագրով:
Ամենամյա մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են ինֆորմատիկայի ուսուցիչներ Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը, գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)՝ իր կողմից հիմնադրված Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Աջակիցներ են Մերգելյան կլաստերը, ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը), գործընկերը Նաիրի համընկերություն:
Միջոցառման նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար:
‹‹Մրցույթը մեծ ոգևորություն և հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում: «Ոզնին» ակամա նպաստեց որոշ դպրոցներում համակարգչային սենյակների նպատակային օգտագործմանը, ուսուցիչներին ստիպեց վերանայել իրենց առարկայական գիտելիքների պաշարը››,-նշեց Ռուզան Նիկոյանը:
Նշվեց նաև, որ 2011թ.-ին մրցույթը դարձավ քաղաքային, իսկ 2013թ.-ից` հանրապետական: 2015թ.-ից մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ առաջին փուլը կայանում է դպրոցներում, իսկ երկրորդը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, որն իր գերհագեցած համակարգչային լաբորատորիաներով հնարավորություն է ընձեռում միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով:
Կազմակերպիչները նախատեսում են «Ոզնի» համակարգչային մրցույթում ընդգրկել նաև ԼՂՀ դպրոցներին ու աշակերտներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան