Հեմոդիալիզային ծառայություն` Վայոց ձորում
Վայոց ձորի մարզի «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում այսօրվանից կգործի հեմոդիալիզային ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով տվյալ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիները պետական պատվերի շրջանակում ծրագրային հեմոդիալիզի ծառայությունից կօգտվեն հենց իրենց բնակության վայրում և ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք։
Ինչպես տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից, վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվել հեմոդիալիզի ծառայության աշխարհագրությունը մարզերում ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ առողջապահության նախարարությունը Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ վերջին ամիսներին ձեռնամուխ է եղել հեմոդիալիզային ծառայության գործարկման աշխատանքներին:
Մասնավորապես` ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ, իրականացվել է անհրաժեշտ կադրերի վերապատրաստում: Արդյունքում, այսօրվա տվյալներով, նորաստեղծ ծառայությունը բուժօգնություն կտրամադրի 6 հիվանդի: