Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հարցում շատ կարևոր է միջգերատեսչական փոխհամագործակցությունը. Ծաղիկ Վարդանյան
Այսօր ՀՀ ԱՆ աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն և վերահսկմանն ուղղված պետական քաղաքականությունը և իրականացվող աշխատանքները:
Նա նշեց, որ առաջին ամենատարածված ոչ վարակիչ չորս հիվանդություններն են սրտանոթային համակարգի հետ կապված հիվանդությունները, շաքարային դիաբետը, նորագոյացությունները և թոքերի շնչարգելության հիվանդությունները:
«Սրանք հիվանդություններից մահացության ցուցանիշների մեջ կազմում են առյուծի բաժինը»,-նշեց Ծաղիկ Վարդանյանը:
Նրա խոսքերով՝ ոչ վարակիչ հիվանդություններն ուղիղ կապված են տնտեսական աճի հետ. «Հստակ ուսումասիրված է, որ յուրաքանչյուրը 10 տոկոս ոչ վարակիչ հիվանդությունների մահացության ցուցանիշի բարձրացումը տնտեսական աճն իջեցնում է 0,5 տոկոսով: Հենց այս կապն է դարձել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ մեր ամբողջ ռազմավարությունը հիմքը»:
Մասնագետը կարևորեց այս հարցում միջգերատեսչական, միջոլորտային փոխհամագործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը հասակարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ, առանց որի ցուցանիշների բարելավման հասնել անհնար է:
«ՀՀ-ն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտություն իրականացնող երկրների մեջ և արդեն իսկ սկսել են ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների հետազոտությունը»,-ասաց Ծաղիկ Վարդանյանը:
Նա հավելեց, որ բնակչության առողջական վիճակի ցուցանիշների զգալի բարելավում հնարավոր է ապահովել զանգվածային այնպիսի միջոցառումների շնորհիվ, ինչպիսիք են՝ ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման և աղի գերօգտագործման դեմ պայքարը, մարդկանց ֆիզիկական ակտիվության խթանումը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում