ՄԻՊ-ը՝ Ընտրական նոր օրենսգրքի մասին
Ունենք Ազգային ժողովի կողմից ընդունված Ընտրական նոր օրենսգիրք, այս պահին դժվար է ասել, թե ինչպիսի կիրառություն կստանա, պրակտիկան ցույց կտա,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ընտրական նոր օրենսգիրքը թույլ կտա ազատ, արդար ընտրություններ անցկացնել:
«Իհարկե, օրենսդրական ակտը լինելու է ուսումնասիրության առարկա: Մենք հնարավորություն կունենանք արտահայտելու կարծիք: Ծավալուն փաստաթուղթ է, ուսումնասիրության համար որոշակի ժամանակ է պետք: Այս պահին դժվար է ասել, քանի որ օրենսդրական ակտը դեռ կիրառություն չի ստացել: Բայց իմ դիրքորոշումը մնում է նույնը՝ կարծիքում արտահայտված մեր տեսակետները պետք է ամեն դեպքում տեղ գտնեին»,- նշեց նա:
Միաժամանակ հավելեց, որ կիրառության ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը մոնիտորինգի հնարավորություն ունի, այն ժամանակ արդեն գնահատականներ տալու հնարավորություն կլինի:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ցուցակները չբացելու, չհրապարակելու դրույթի վերաբերյալ, ՄԻՊ-ն ասաց, որ կարևոր էր հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ չափանիշները:
Ըստ նրա՝ ստորագրված ցուցակների բացման հետ կապված պետք է պահպանվեն միջազգային չափանիշները. «Կոնկրետ սուբյեկտների մասով, այո, դրանք պետք է հրապարակվեն, հնարավորություն տրվի ծանոթանալու, ասենք, ովքեր ընտրական գործընթացի մասնակիցներ են: Հիմա թե օրենսդրական լուծումներն ինչպես ստացվեցին, պրակտիկան ինչպես կընթանա, մենք կպահենք անընդհատ մոնիտորինգի տակ, կփորձենք հասկանալ՝ արդյոք փոփոխության կարիք կա, թե ոչ, ինչպես է աշխատում պրակտիկայում»:
ՄԻՊ-ը նշեց, որ նույնը վերաբերում է նաև ընտրատարածքներում տեսախցիկների տեղադրմանը:
«Ես հստակ նշել էի տեսախցիկների տեղադրման անհրաժեշտության վերաբերյալ, բայց նաև վերապահումներ կային, քանի որ առանձին երկրներում տեղադրվել էին և հետագայում քննադատությունների արժանացել»,- ասաց Ա. Թաթոյանը:
Օրինակ, ըստ նրա, ՌԴ-ում և այլ երկրներում, որտեղ ներդրված է եղել առցանց հեռարձակման համակարգը, հստակ ամրագրված է եղել, որ տեսախցիկները պետք է այնպես տեղադրված լինեն, որ ամբողջ տարածքը երևա, սակայն չերևա, թե կոնկրետ քաղաքացին ում է ընտրել. «Որոշ երկրներում ինչ-որ անկյուն բաց էր թողնվել: Վենետիկի հանձնաժողովը և մի շարք այլ կազմակերպություններ նշել էին, թե այդ պարագայում արդյունավետ չէ կիրառումը, որոշակի չարաշահումների տեղ էր մնում»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրեն գոհացնում է 20 րոպե պատուհանը, որ տվելու է դիտորդներին, վստահված անձանց, Ա. Թաթոյանն ասաց. «Եթե իրավունքների պաշտպանության տեսանկյունից նայենք, դա կարևոր է, բայց պետք է հստակ դիտարկել խնդիրը, թե պրակտիկայում ինչ դրսևորում կստանա: Եթե հասկանանք, որ դա նույն իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդիր է առաջացնում, ապա, կարծում եմ, պետք է անպայման օրենսդրական ինչ-որ փոփոխությունների ուղղությամբ աշխատել»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Ընտրական օրենսգիրքը ընդունվեց վերջնականապես
- Ընտրական օրենսգիրքը ԱԺ-ում ընդունվեց նաև 2-րդ ընթերցմամբ
- 2017-ին կունենանք շատ բարձր մակարդակի ընտրություններ. Դավիթ Հարությունյան
- Պետք չէ ընտրացուցակների հրապարակման համար դոնկիխոտյան պայքար մղել. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին