IBM-ը ընձեռում է նոր հնարավորություններ դասախոսների և ուսանողների համար
Երևանի պետական համալասարանում կայացել է IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը: Համալսարանական դասընթացները կազմակերպվել են IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` նպատակ ունենալով զարգացնել ու հզորացնել տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների կրթական կարողությունները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել բուհերին օգտվել IBM-ի ռեսուրսների լայն ընտրանիից:
Ինչպես տեղեկացնում են ՁԻՀ-ից, դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել ուսանողներ և դասախոսներ հայաստանյան 9 բուհերից՝ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Եվրասիա միջազգային համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից և Եվրոպական ակադեմիայից:
200 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների արդյունքում ավելի քան 35 ուսանողներ և 60 դասախոսներ ձեռք են բերել ժամանակակից գիտելիքներ տեղեկատվական անվտանգություն, ամպային տեխնոլոգիաներ և BlueMix միջավայրում ծրագրավորման հիմունքներ, մոբայլ ծրագրավորում ամպային միջավայրում, IBM Watson-ի անալիտիկ կիրառությունը, վիճակագրական տվյալների վերլուծություն, տվյալների վերլուծություն և կանխատեսումներ IBM SPSS ծրագրի միջոցով, ինտեգրված էլեկտրոնային մարքետինգի հիմունքներ, տեղեկատվական համակարգերի կառավարում և բիզնես գործընթացների կառավարում և ավտոմատացում ուղղություններով:
Դասընթացն ավարտած ուսանողների մեծ մասն անցել է աշխատանքի, իսկ մի մասը՝ ձևավորել սկսնակ ընկերություններ: Մինչև այսօր, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 50 դասընթացներ և սեմինարներ՝ ներգրավելով ավելի քան 800 ուսանող և 100 դասախոս: IBM Ակադեմիական նախաձեռնության անդամ են դարձել ավելի քան 70 դասախոսներ ՀՀ տարբեր բուհերից: Կենտրոնի կողմից բուհերում իրականացվում է առարկայական ցանկերի շարունակական մոդերնիզացիա, ինչպես նաև քննարկվում է մի շարք բուհերում նոր մագիստրոսական աստիճանների ներմուծման և առկա ծրագրերի բարելավման հարցը:
Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը` IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում բուհական դասընթացները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին վկայում է IBM ISTC համալսարանական ամառային ծրագիրը, որին դիմելու վեջնաժամկետն է 2016թ. հունիսի 11–ը: