Տեսսա Հոֆման. Բունդեսթագի բանաձևը կարող է խթանել ցեղասպանության մասին կրթությունը Գերմանիայում
Անվանի գերմանացի հայագետ և ցեղասպանագետ Տեսսա Հոֆմանը Panorama.am-ի հետ հարցազրույցում կարևորել է հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ նշելով, որ այդ որոշմամբ վերջապես հայերի տարհանումներն ու կոտորածները որակվեցին որպես «ցեղասպանության ոճրագործություն»: Այդպիսով Բունդեսթագը դարձավ 26-րդ ազգային խորհրդարանը, որն ընդունեց Հայոց ցեղասպանությունը:
«Հայերի համար այս բանաձևը շատ հուզիչ իրադարձություն էր, քանի որ այդպիսով ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի դաշնակից Գերմանիայի իրավահաջորդ պետությունը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրության պետական հանցագործությունները»,- նշեց նա:
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մեծ ջատագով Հոֆմանը միևնույն ժամանակ իր դժգոհությունը հայտնեց առ այն, որ Գերմանիայի կառավարության ղեկավար Անգելա Մերկելը, նրա տեղակալն ու արտաքին գործերի նախարարը չմասնակցեցին բանաձևի քննարկմանն ու քվեարկությանը:
Հոֆմանը նաև քննադատեց խորհրդարանին այն բանի համար, որ նրանք ներողություն չխնդրեցին հայերից այն դերի համար, որը Կայսերական Գերմանիան ունեցել է առաջին համաշխարհային պատերազմում:
«Այն ժամանակ գերմանական կառավարությունը ո՛չ մի քայլ չձեռնարկեց, չնայած որ ուներ հստակ տեղեկություններ օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման մասին»,-նշեց գերմանացի պատմաբանը` հիշեցնելով, որ Գերմանիան նաև օգտագործել է հայ ստրուկների աշխատուժը Բաղդադի երկաթուղու կառուցման համար:
«Ինձ չի գոհացնում այն, որ իրավաբանորեն և գիտականորեն լավ ապացուցված փաստերը ճանաչվում են այդ իրողություններից 101 տարի հետո՝ առանց համոզիչ մարդկային ժեստի», – ասաց նա:
Խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա այս բանաձևը Գերմանիայում` Տեսսա Հոֆմանը նկատեց, որ այն պաշտոնապես սկիզբ է դնում ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը Գերմանիայում:
«Դրական է այն, որ այս բանաձևի տեքստը ազդակ է ցեղասպանության թեմայով կրթությունն ու հետազոտությունները խթանելու համար, եթե իհարկե ապագա որոշում կայացնողները հետաքրքրված լինեն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել և տեղի չտան Գերմանիայում ազդեցիկ թուրքական լոբբիի ու ՀԿ-ների ճնշումներին… Ժամանակը ցույց կտա, թե ինչ զարգացում կունենա այս բանաձևի կիրառումը ցեղասպանության մասին իրազեկման և օսմանյան ցեղասպանությունների մասին կրթության ու հետազոտությունների տեսանկյունից», – ասաց գերմանացի գիտնականը:
Նա նաև նշեց, որ այս որոշումն իրավական դատավճիռ չէ, ինչպես բազմիցս հայտարարել են գերմանացի գործադիրները` հիշեցնելով սակայն, որ իրավական դատավճիռ այս հարցով ընդունել են հենց Օսմանյան կայսրության ռազմական դատարանները, որը սակայն հետագայում չեղարկվեց Անկարայում քեմալիստական կառավարության կողմից:
Տեսսա Հոֆմանի կարծիքով այս բանաձևը լուրջ ազդեցություն չի ունենա Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունների վրա – և՛ Գերմանիան, և՛ Թուրքիան կփորձեն այս հարցը տարանջատել փախստականների խնդրից, իսկ Թուրքիայի դեսպանը կվերադառնա Բեռլին, ինչպես բազմիցս եղել է նախկինում:
Խոսելով բանաձևի նախապատմության մասին` Հոֆմանը հիշեցրեց, որ արդեն 16 տարի է, ինչ Գերմանիայի խորհրդարանի առաջ դրված է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Օսմանյան կայսրության կողմից իրականացրած արամեախոս բնակչության ու հույն ուղղափառ քրիստոնյաների ցեղասպանությունների ճանաչման հարցը:
2005թ.-ին Բունդեսթագը ոչ-օրենսդրական բանաձև էր ընդունել, որը հիշատակում էր Օսմանյան կայսրությունում հայերի «կոտորածներն» ու «տեղահանությունները»՝ ընդունելով Գերմանիայի ներգրավվածությունը: Հոֆմանի կարծիքով ցեղասպանագետները, իրավապաշտպան ՀԿ-ները և Գերմանիայի հայ համայնքը այն ժամանակ իրավացիորեն քննադատել են այդ բանաձևը «ցեղասպանություն տերմինը շրջանցելու համար: Արդյունքում, իշխող պահպանողական կուսակցության պատգամավոր Քրիստոֆեր Բերգները ներկայացրեց նոր բանաձև, որը ներառում էր «ցեղասպանություն» տերմինը, ինչպես նաև դրա գերմաներեն հոմանիշ՝ «voelkermord» բառը: Բայց Գերմանիայի գործադիր մարմինը կասեցրեց այդ բանաձևի ընդունումը, որպեսզի չզայրացնի Թուրքիային:
«Միայն Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2015թ.-ի ապրիլի 12-ի ուղերձից հետո Գերմանիայի խորհրդարանը վերանայեց իր դիրքորոշումը: Դրանից հետո խորհրդարանական բոլոր խմբակցությունների խոսնակներն օգտագործեցին «voelkermord» բառը ապրիլի 24-ի իրենց ելույթներում», – նշեց Հոֆմանը՝ հավելելով, որ այդ ժամանակ արդեն չափազանց ուշ էր բանաձևի նախագծերի քվեարկության համար և դրանք ուղարկվեցին խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողով: 2016թ.-ի փետրվարի 25-ին ընդդիմադիր Կանաչների խմբակցությունը ետ վերցրեց բանաձևի իր նախագիծը այն բանից հետո, երբ իշխող կուսակցության նախագահը համաձայնեց հանձնաժողովների միջև համատեղ բանաձևին, որն էլ քվեարկության դրվեց հունիսի 2-ին:
Հեղինակ՝ Նվարդ Չալիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան