Կինոգետ. Այսօր հնարավորություններն ավելի մեծ են
Այսօր մեկնարկել է «Արտ Ֆեստ 2016» կինոֆիլմերի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում: Միջազգային երիտասարդական փառատոնի ընթացքում ներկայացվելու է 54 ֆիլմ՝ 32-ը Հայաստանից, 22-ը՝ արտերկրից:
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Մանեն լրագրողներին ասաց, որ փառատոնին մասնակցում է առաջին անգամ վավերագրական կարճամետրաժ ֆիլմ-ակնարկով, որն իր առաջին աշխատանքն է վավերագրական կինոյում։
«Փառատոնից ակնկալում եմ հաջողություններ ու մաղթում եմ մյուս մասնակիցներին մեծ առաջնթաց»,- նշեց նա:
Բացման իր խոսքում գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը նշեց, որ կային ժամանակներ, երբ քայլ անելու հնարավորություն չունեին. «Երկու տարբերակ ունեինք՝ կամ չարանալ, կամ նորովի ներկայանալու ուժ գտնել: Այսօր հնարավորություններն ավելի մեծ են»:
«Արտ Ֆեստ 2016» փառատոնի կինոցուցադրությունների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ «Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, մեկնարկել է հունիսի 2-ին, կշարունակվի մինչև հունիսի 12-ը: Փառատոնին մասնակցում է ավելի քան 430 մասնակից Հայաստանից և արտերկրից:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, «Արտ Ֆեստ» փառատոնը համախմբում է ստեղծագործող երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:
Հարակից հրապարակումներ`
- Արվեստն անազնիվ քայլեր չի սիրում. Գեղանկարիչ
- Մեկնարկում է «Արտ Ֆեստ 2016»-ը
- «Արտ Ֆեստ»-ը լավ առիթ է հիանալու և հպարտանալու մեր նոր սերնդով. Աշոտ Համբարձումյան
- «Արտ ֆեստ» փառատոնը կներկայանա միջազգային ձևաչափով