Պաշտոնապես ներկայացվեցին հայկական առաջին սմարթֆոնները
«Ժամանակն է հայկականի...» կարգախոսով սպառողին ներկայացվեց առաջին հայկական հեռախոսները՝ ArmPhone-ը: Երևանում այսօր տեղի ունեցավ սմարթֆոնների շնորհանդեսը, որի ժամանակ ցուցադրվեցին armphone 0502, armphone 0505, armphone 0508, armphone 0509 և armphone 0520 մոդելները:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը, այսօր հայ սպառողին են ներկայացնում հայկական հեռախոսները, որոնք ոչնչով չեն զիջում աշխարհում արտադրվող սմարթֆոններին:
Նրա խոսքերով՝ շուկայում ցանկացած ապրանք ունի իր գնորդը և անիմաստ է այսօր պայքարել ցածրորակ չինական ապրանքների կամ մրցակցել բարձորակ ամերիկյան, ճապոնական ապրանքների հետ. «Կարևորն այն է, որ մեր ապրանքը որակով է և մենք պատասխանատվություն ենք կրում այդ ապրանքի որակի համար: Մենք պատրաստվում ենք Հայաստանում, մեր գնորդի կողքին ենք և պատասխանատու ենք ամեն քայլի համար՝ սկսած արտադրությունից մինչև սպասարկում»:
Վահան Շաքարյանի խոսքերով՝ սմարթֆոնների արտադրությունը ևս մի քայլ է՝ նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Ինչ վերաբերում է գներին, ապա հայկական հեռախոսները, ըստ TSD ղեկավարի, ցածր են շուկայում եղած բրենդների գներից, բարձր՝ չինական չճանաչված բրենդներից:
«Ժամանակն է փոխենք մեր մտածելակերպը: Մեզ մոտ այն տպավորությունն է, որ աշխարհը ստեղծել է Աստված, իսկ մնացած ամեն ինչ պատրաստվում է Չինաստանում: Ոչ, այդպես չէ, Աստված ստեղծել է աշխարհը, մեզ, մենք էլ ստեղծում ենք մեր ապրանքը՝ հայկականը: Մենք արտադրում ենք որակյալ ապրանք և վստահ եմ, որ որոշ ժամանակ հետո միջազգային շուկայում կլինի մի մասնիկ, որը կճանաչի մեզ»,- ասաց Վահան Շաքարյանը:
Նշենք, որ հայկական սմարթֆոնների գները կսկսվեն 51 հազար դրամից, իսկ ամենաբարձր գինը կլինի 151 հազար դրամ: Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 GB ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։
Վահան Շաքարյանը հայտնեց, որ նախատեսում են ArmPhone-ն առաջին հերթին արտահանել Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, իսկ հետո աշխարհագրությունը կընդլայնեն: Նշվեց նաև, որ շուտով հայկական սմարթֆոնների խանութը կբացվի Մոսկվայում, ներկայումս էլ բանակցությունների մեջ են երեք մատակարարող ընկերությունների հետ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ իսկապես բացառիկ ձեռնարկ է, քանի որ բացի պտուղ-բանջարեղենից, կոնյակի արտադրությունից աշխարհին են ներկայանում ՏՏ ոլորտի տեխնիկական պրոդուկտով:
«Ուրախ եմ, որ գիտական աշխատանքային խումը, որը կազմավորել է Վահան Շաքարյանը Ազատ տնտեսական գոտում, ապահովելու է մեր ռազմական արդյունաբերության տեխնիկական հիմքերը: Մենք հասկացանք, որ տեխնիկապես պետք է առաջ անցնենք մեր հարևաններից: Ես հավատում եմ այս խմբի հաջողություններին»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան