Ալիևը «նախազգուշացնում» է սպասվող սադրանքների մասին. Քաղաքագետ
Ըստ էության, Ալիևը նախազգուշացնում է սպասվող սադրանքների մասին. Այսպես է իր ֆեյսբուքյան էջում գրել քաղաքագետ Տիգրան Աբարահամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր կատարած հայտարարությունը՝ «Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը, և ստատուս-քվոն չի կարող պահպանվել»:
«Սա նախագահների մակարդակով հանդիպումից առաջ ճնշումներ իրականացնելու փորձ է։ Ուղղակի Ալիևը հաշվի չի առնում, որ նման պրիմիտիվ մեթոդներով անհնար է մեզ ահաբեկել, իսկ սադրանքների մասով… բանակն իր անելիքները լավ գիտի:
Այս փուլում հայկական կողմի համար առավել նախընտրելի է ավելի շատ գործել, քան առանձին-առանձին անդրադառնալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին: Առաջնագծում իրականացվող չափազանց ակտիվ ինժեներական-ամրաշինական-կահավորման ու տեխնիկապես հագեցման քայլերը հենց դրա մասին են խոսում», -նշել է Աբրահամյանը։
Նկատենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով հաջորդ հանդիպման հնարավորությանը, հայտարարել էր, որ հունիսին հաջորդ հանդիպումը կլինի հունիսին, վայրը դեռ հստակեցված չէ: Այդ հանդիպումը, ըստ նախարարի, նվիրված է լինելու բանակցությունների վերսկսմանը:
«Պարզ է, որ բանակցությունների վերսկսելու համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն: Դրանք նախապայմաններ չեն Հայաստանի կողմից, այլ խոսքն այն մասին է, որ պետք է բանակցությունների համար ստեղծվեն պայմաններ:
Եթե այդ պայմանները ստեղծվեն, եթե այդ մեխանիզմները ներդրվեն, եթե ստեղծվի մշտադիտարկման հնարավորությունը, եթե ընլայնվեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները և այսինքն` բացառվեն նոր զարգացումները, ինչպիսին եղան ապրիլի սկզբին, ապա հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այդ ուղղությամբ»,-ԱԺ-ում ասել էր Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին