Հայկ Խանումյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին հունիսի 6-ին դաժան ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԼՂՀ ոստիկանությունից։
Ըստ աղբյուրի, հունիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դիաննա Մովսիսյանը հաղորդում է տվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում, առ այն, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձինք առևանգել և բռնության են ենթարկել իր ամուսնուն` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:
Հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը»:
Նաև տեղեկանում ենք, որ ձևավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարևոր գործերով քննության բաժնի և նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները:
Նշվում է, որ հանցագործության հասարակական լայն հնչեղությամբ պայմանավորված հանրությունը պարբերաբար կիրազեկվի նախաքննության ընթացքի մասին:
Նկատենք, որ Խանումյանը իրեն ծեծելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, մասնավորապես, հետևյալը.
«Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Խանումյանը ղալաթ ա անում. Սամվել Բաբայան
- ԼՂՀ ԱԺ խմբակցություններ. Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին
- Հայկ Խանումյանը՝ իրեն ծեծելու մասին
- Հայկ Խանումյանի կյանքին վտանգ է սպառնում. Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա