ԼՂՀ ԱԺ պատգամավորի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում: Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում մարդու և քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս:
Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը և մեր կողմից որդեգրված արժեքներին:
Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, և վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից եւ մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները: Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն հանրությանը:
Ես նաև մշտական կապ եմ պահպանում ԼՂՀ առողջապահության նախարարի հետ, ինձ պարբերաբար տեղեկություններ են հաղորդվում պարոն Խանումյանի առողջական վիճակի վերաբերյալ: Հայկ Խանումյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան