Հայտնի լեզվաբանի ամուսնու դաժան սպանության կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 4-ին՝ ժամը 23.25-ին, ահազանգ է ստացվել, որ Սովետաշենի «ավտոշուկայի» մոտ ուշագնաց տղամարդ կա ընկած և ինչ-որ անձինք հարձակվել են նրա վրա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Է. Սիրականյանի գլխավորությամբ։
Նախնական տվյալներով՝ հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, մի խումբ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց բազմաթիվ հարվածներ են հասցրել Եղիշե Մանուկի Խաչատրյանի կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի:
Ըստ դատաբժիշկի բանավոր հայտարարության, որը կատարվել է նախնական դիահերձման ժամանակ, Ե. Խաչատրյանի մահը վրա է հասել գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարումից՝ գանգուղեղային բաց բութ վնասվածք ստանալու հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2016թ. հունիսի 05-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից), ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, զննվել է դեպքի վայրը և առգրավվել են տեսանկարահանող սարքեր, տուժողի բջջային հեռախոսը։ Հարցաքննվել են դեպքի վայրի հարակից հատվածում գործող ավտովերանորոգման կետի տնօրենը, աշխատակիցները, տուժողի մայրը, ով դեպքի ժամանակ եղել է որդու հետ՝ վերջինիս վարած ավտոմեքենայի մեջ, ինչպես նաև՝ օգնության հասած անցորդներ, այլ վկաներ։
Առգրավվել են մի քանի անձանց՝ դեպքի պահին կրած հագուստները, վերցվել փորձանմուշներ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ կենսաբանական, հետքաբանական և միկրոմասնիկային համալիր փորձաքննություն։
Ըստ աղբյուրի, սպանությանը մասնակցելու կասկածանքով հունիսի 5-ին մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է:
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի մասնակիցների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Նշենք, որ այսօր «Հրապարակը» տեղեկացրել էր, որ Եղիշե Խաչատրյանը հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան