«Ինձ լավ գիտելիքներ են տվել, այլ հարց է, թե ինչքան եմ վերցրել». դիմորդ Շահեն Հարությունյան
Դիմորդներն ավելի գիտակ ու կազմակերպված են դարձել, շատ բան է փոխվել: Այսօր «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկից հետո Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քննական կենտրոնի ղեկավար Անահիտ Մելքոնյանը:
«Ցուցակով ունեինք 160 դիմորդ, 10-ը չեն ներկայացել քննության»,-տեղեկացրեց քննական կենտրոնի ղեկավարը:
Նրա խոսքերով դիմորդների քննասեղանին պետք է լինի միայն ձևաթուղթ, գրիչ, անձնական փաստաթղթեր և թեստը:
Ինչ վերաբերում է հարցին, որ դիմորդները փորձում են իրենց հետ ջուր, շոկոլադ վերցնել, որը թույլ չտվեցին տանել դեպի քննասեղան, Անահիտ Մելքոնյանը նշեց. «Դրա կարիքը չկա, բոլոր քննակենտրոնները հագեցած են ջրով և բաժակներով, ցանկության դեպքում դիմորդը կարող է կազմակերպիչներին դիմել, մոտենալ և ջուր խմել»:
Մինչ քննության մեկնարկը զրուցեցինք նաև դիմորդների հետ, ովքեր ընդհանուր առմամբ Շտեմարանից բողոքներ չունեին:
Քննություն հանձնողների շարքում էր նաև անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, ով ցանկանում է ընդունվել Երևանի Պետական Համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի՝ «Միջազգային հարաբերություններ» կամ «Քաղաքագիտություն» բաժիններից մեկը. «Շատ ուրախ կլինեմ, որ ընդունվեմ, ամբողջ տարի միայն պարապել եմ՝ դպրոց, լրացուցիչ պարապմունքներ, տնային աշխատանքներ: Հուսամ կընդունվեմ իմ ընտրած բաժիններից մեկը, ըստ էության տարբերություն չկա՝ թե որը, կարևորը կրթություն ստանամ իմ ընտրած բնագավառում: Ինձ լավ գիտելիքներ են տվել, այլ հարց է, թե ես ինչքան եմ վերցրել: Դա էլ կերևա քննությունները հանձնելուց հետո»:
Շանթը դեռ պետք է հանձնի «Անգլերեն լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից միասնական քննություն:
Ուսուցչուհի դառնալ ցանկացող Մարիամ Ամալյանն էլ նշեց, որ հուզված ու անհանգստացած է . «Երևի հիմա ամենաշատը հուզված են նրանք, ում առաջին միասնական քննություն է: Հուսամ մեկնարկս լավ կլինի»:
Երկրորդ միասնական քննությունը հանձնող Արևիկ Մկրտչյանն ավելի հանգիստ էր, չկար այն անհանգստությունը, որն ունեցել էր առաջին քննության ժամանակ. «Հոգեբան եմ ցանկանում դառնալ: Մինչ այս «Կենսաբանություն» առարկայից եմ քննություն հանձնել, գոհ եմ արդյունքներից»:
Հիշեցնենք, որ այսօր հանրապետության 30 քննակենտրոններում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն կհանձնի 6267 դիմորդ:
Հարակից հրապարակումներ`
- Վաղը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետությունում քննություն կհանձնի 6267 դիմորդ
- ԼՂՀ ԳԹԿ տնօրեն. Արցախում դիմորդների թիվն ավելացել է
- Բողոքարկումներ առայժմ չկան. ԳԹԿ տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները